ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդես է եկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծով:
Թագուհի Թովմասյանը հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ նախնական տարբերակով առաջարկվում է օրենքի կետը խմբագրվի հետևյալ կերպ՝ պայմանագրային զինծառայողների ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովում են ծառայողական բնակարաններով պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
«Ստացել ենք բազմաթիվ ահազանգեր, որ զինծառայողներն օգտվում են կառավարության կողմից իրենց վերապահած իրավունքից, արտոնությունից, ստանում են փոխհատուցում, բայց երբեմն ստանալու կարգում ստիպված են լինում օրենք խախտել, և այդ խախտման համար 81 քաղաքացի՝ որպես մեղադրյալ են ներգրավված տարբեր գործերով:
Առաջարկում ենք, որպեսզի այևս զինծառայողն անհրաժեշտություն չունենա վարձակալության պայմանագիր ներկայացնել, եթե ներկայացնում է կադաստրի կոմիտեից տեղեկանք սեփականություն չունենալու, հաշվառում չունենալու վերաբերյալ, համարենք բավարար: Այդ դեպքում զինծառայողը հնարավորություն կունենա ստանալ փոխհատուցում»,- ասաց Թագուհի Թովմասյանը:
Քննարկմանը ներկա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ սա աշխատանքային քննարկում է, ունի իր տրամաբանությունը և առաջարկեց քննարկումն անցկացնել փակ:
Թովմասյանը հակադարձեց՝ նշելով, որ քննարկում են զինծառայողների իրավունքներին առնչվող հարցեր, և իրենց հանձնաժողովն ունի ավանդույթ, այն է՝ աշխատել բաց ռեժիմով, չի կարծում այստեղ որևէ խնդիր կա, և որևէ մեկը կաշկանդված է: