ՀՀ Կառավարությունը «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխության նախագծով առաջարկում է սեպտեմբերի 27-ը նշել որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր։ Այս նախաձեռնությանը նախորդել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանի եւ Արմեն Գեւորգյանի նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունը, որին կառավարությունը տվել էր բացասական կարծիք։ Պատգամավորներն առաջարկել էին սեպտեմբերի 27-ը սահմանել որպես ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր:
Այս նախաձեռնությանը կառավարությունից արձագանքել էին, որ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության սահմաններին ծավալվող իրադարձություններով, ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրությամբ պայմանավորված՝ ներկա փուլում նպատակահարմար չի համարում օրենքի նախագծի այս տեսքով քննարկումը»:
Կառավարությունն իր առաջարկով հրաժարվում է գործածել Արցախի Հանրապետություն ձեւակերպումը, ինչպես նաեւ 2020 թվականի ագրեսիայի բնորոշման մեջ օտար վարձկանների մասնակցության փաստը։