ԱՀ գլխավոր դատախազությունից ԱՀ ազգային անվտանգության ծառայություն է ստացվել սոցիալական ցանցերում տարածված՝ Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութը, որում վերջինս հայտարարել էր Արցախի պաշտպանության բանակի, սպաների ու գեներալների կողմից պատերազմի ընթացքում սպանություններ կատարելու, ինչպես նաև սպանություններ կատարելու հրամաններ տալու մասին: Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ-ն:
«Հաշվի առնելով, որ հիշյալ հայտարարության կապակցությամբ իրականացվում են ստուգումներ, ուստի Ռոման Բաղդասարյանին առաջարկում ենք հնարավորինս սեղմ ժամկետում ներկայանալ ԱՀ ազգային անվտանգության ծառայություն, և պարզաբանումներ ներկայացնել իր կողմից հայտարարված ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ:
Միաժամանակ իրազեկում ենք, որ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված հիմքերը ծագելու դեպքում ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը դիմելու է նաև դատավարական հարկադրանքի միջոցի»:
Հիշեցնենք, որ երեկ Արցախի Հանրապետության դատախազությունը Արցախի գեներալների, սպաների կողմից սպանություններ կատարելու վերաբերյալ Ռոման Բաղդասարյանի հայտարարություններն ուղարկել էր ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ հետագա քննարկման համար:
Հարկ է նշել, որ մինչ այս Ռոման Բաղդասարյանն աչքի է ընկել հակահայկական շատ հայտարարություններով, որոնք լայնորեն օգտագործել են ադրբեջանական լրատվամիջոցները: Ռոման Բաղդասարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստ է։ 2021 թվականի ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի շտաբում է եղել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր շտաբից հունիսի 20-ին` ուշ երեկոյան լուսանկար էր տարածվել, որում երևում էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հետ նույն սենյակում նստած էր նաև ռուսաստաբնակ բլոգեր Ռոման Բաղդասարյանը: