կարևոր
2344 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-01 22:17

Հայաստանի պատանիների ստեղծած սարքը կմեկնի տիեզերք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում պատանիների ստեղծած սարքը առաջին անգամ կմեկնի տիեզերք: Bazoomq Space Research Lab եւ HyeTech կազմակերպությունների համատեղ ջանքերով մեկնարկել է «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ը, որը հնարավորություն կտա պատանի մասնակիցներին զգալու տիեզերքի հասանելիությունը, եւ Հայաստանը տեսնել տիեզերքի հետազոտման քարտեզում:

Մրցույթին մասնակցելու են 12-21 տարեկան պատանիներ, որոնք խմբերով կստեղծեն ռոբոտաշինական սարքեր, իսկ ավարտական փուլում հաղթող սարքը կթռչի տիեզերք:

Հայաստանում երկար տարիներ գործում են բազմաթիվ ռոբոտաշինության խմբակներ: Այդ երիտասարդները այժմ իրենց ուժերը կփորձեն համաշխարհային ռոբոտաշինության եւ տիեզերական հետազոտությունների բնագավառում:

Միջազգային գործընկերները սարքը տեղադրելու են հրթիռի մեջ, որի կշիռը չպետք է գերազանցի 200 գրամը, եւ որը հնարավորություն կունենա՝ 3-4 րոպե գտնվելով տիեզերքի նշված հատվածում չափումներ իրականացնել:

Տիեզերքի ուսումնասիրության համար պետություններն ու hիմա նաեւ առանձին անհատներ հսկայական ներդրումներ են իրականացնում եւ տարիներ են անցկացնում հասկանալու համար դրա մի չնչին մասի առանձնահատկությունները: «Կրիպս» ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը հավատացած է, որ իրենց ստեղծած խմբի նպատակն է զարգացնել երիտասարդների մոտ հմտություններ, որ Հայաստանը տնտեսական այս հսկայական շուկայի մեջ կարողանա ունենալ իր դերակատարումը:

Հատկանշական է նաեւ, որ  մրցույթը անվանվել է ի պատիվ  ինժեներ-կոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջյանի, ում կյանքի գխավոր գործն էր տիեզերական տարբեր սարքավորումների ստեղծումը, եւ մասնակցությունը լուսնի մակերեւույթի հետազոտման համար աշխարհում առաջին ավտոմատ ինքնագնաց սարքի ստեղծմանը:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում: