կարևոր
613 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-01 20:14

Բալահովիտ համայնքի բնակիչներն ահազանգում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում այս երկու շենքերի բնակիչները արդեն մի քանի տարի է` թակում են պետական կառույցների դռները եւ իրենց խնդրի համար լուծում պահանջում, սակայն այդպես էլ մինչ օրս գոհացնող պատասխան չստանալով` շարունակում են ցույց տալ իրենց սպիտակ տան սեւ պատերը եւ շենքի ներսի ու դրսի խնդիրները:

30 տարվա փայտյա այս շենքերը Արտակարգ իրավիճակների նախարարությունը 4-րդ կարգի վթարային է ճանաչել: Շենքն իր անվանումը ստացել է սպիտակ ներկված լինելու պատճառով, իսկ  բնակիչները չեն պատրաստվում լքել իրենց կացարանը. ապրելու այլ տեղ չունեն.

Վախի ու սարսափի մեջ ապրող Լեյլի տատը հորդորում է` բոլոր բնակիչներին համախմբվել եւ իրենց ձայնը լսելի դարձնել: Նեղսրտում է, որ փակ դռներից այն կողմ հարեւանները չեն արձագանքում:

«Հոգնել են դռներ թակելուց»,-ասում է Լեյլի տատն, ու շարունակում ցույց տալ փայտե շենքի բոլոր խնդիրները:

Լուսինեն, որը ընդամենը 6 տարի է՝ սպիտակ տան բնակիչ է, անհանգստացած է ոչ միայն իր, այլ նաեւ մյուսների կյանքի համար:

«Անձրեւից խոնավացած ու քանդված պատերը ուշ թե շուտ իրենց սեւ գործը կանեն»,- ասում է նա:

Փորձում են իրենց ուժերով նորոգել եւ կենցաղային բավարար պայմաններ ստեղծել ապրելու համար, բայց վստահ են` այստեղ, նույնիսկ, գումար ծախսելն է անիմաստ:

Բնակիչների աչքը վախեցած  է. հիշում են Տավուշի մարզի Այրում համայնքի դեպքը: Հաղթանակ բնակավայրի շենքերից մեկի պատշգամբի փլուզման հետեւանքով 3-ամյա աղջնակը կյանքից զրկվեց: Բնակիչները մտահոգվում են, նույնը իրենց է սպառնում, եթե չարթնանան պատկան մարմինները: