կարևոր
781 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-01 15:05

9 միլիարդի արդյունքն ու արդյունավետությունը կրթության փորձնական ծրագրի համար

9 միլիարդի արդյունքն ու արդյունավետությունը կրթության փորձնական ծրագրի համար

2021թ. նոյեմբերի 27-ին հարցում եմ ուղարկել ՀՀ ԿԳՄՍՆ` խնդրելով տրամադրել ՀՀ վարչապետի 2021թ. հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N790-Լ որոշմամբ հաստատված փորձնական ծրագրի իրականացման գնահատման հաշվետվությունը: Հայտնում է պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը։

«Այսօր, գրությունն ուղարկելուց 2 աշխատանքային օր հետո, ստացել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի ոչինչ չասող պատասխանն այն մասին, որ իրենք շատ են աշխատում և որ գործընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը ներառված է ՀՀ վարչապետի N1250-Լ որոշման մեջ:

Ստորև մեկնաբանություններում դնում եմ ՀՀ վարչապետի 2021թ. հուլիսի 26-ի N790-L և 2021թ. նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» N1250-L որոշումները: Եթե ոչ 95 տոկոսով, ապա մոտավորապես 90 տոկոսով երկու փաստաթղթերի հավելվածները համընկնում են: 1-2 պարբերություն իրար են միացրել, էլի 1-2 ոչ էական փոփոխություն և ահա ձեզ 2021թ. հուլիսի 26-ից մինչև նոյեմբերի 4-ը «մեծ ծավալի հետազոտական աշխատանք է կատարել»:

Չե՛ք աշխատում: Վարչապետն էլ սա որպես մեծ և արմատական փոփոխություն է ներկայացնում:

9 միլիարդի արդյունքն ու արդյունավետությունն էլ չգիտենք ինչպես է չափվելու:

Վարչապետի N790-L որոշման մեջ ասվում է, որ «Կրթահամալիրների գործունեության համար անհրաժեշտ է նախագծել և ծրագրել տրանսպորտային ծառայությունների ցանց՝ ապահովելով երեխաների անվտանգ տեղափոխումը բնակավայրից բնակավայր», իսկ 1250-Լ որոշման մեջ ասվում է. «Կրթահամալիրների գործունեության համար նախագծվել և ծրագրվել են 8 տրանսպորտային ուղի, որը պետք է ապահովեն երեխաների անվտանգ տեղափոխումը բնակավայրից բնակավայր՝ ներառելով նաև ուղեկցորդի ծառայությունը» (սա երկրորդ փաստաթղթում «էական» փոփոխության ենթարկված նախադասություններից մեկն է): Երեկ, 2021թ. նոյեմբերի 30-ին, դիմել եմ ՀՀ ԿԳՄՍՆ խնդրելով տրամադրել դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների տեղափոխման վերաբերյալ «աշակերտ-կիլոմետր» տարեկան ընդամենը ցուցանիշը և նույն ցուցանիշն ըստ համայնքների: Եթե «մեծ ծավալի հետազոտական աշխատանք է կատարել», ապա այս տվյալը պետք է ունենան և ինչպես առաջին դեպքում՝ արագ տրամադրեն: Դրա հիման վրա էլ կգնահատենք, թե դպրոցականները քանի ժամ են անցկացնելու դասարանում և քանիսը ճանապարհներին:

Ես չեմ ասում, որ առաջարկված լուծումը պետք է բացառել:

Ես ասում եմ, որ ուզում եմ տեսնել, թե ի՞նչ նպատակ են սահմանել, ինչպե՞ս ենք ծրագրի ավարտին գնահատելու, հասել են այդ նպատակին (SMART ցուցանիշներ ունե՞ն), թե ոչ, նպատակին հասնելու ի՞նչ այլընտրանքներ են դիտարկել, ինչպե՞ս են գնահատել այլընտրանքների ուժեղ և թույլ կողմերը (SWOT վերլուծություն կատարե՞լ են) և ընտրել լավագույնը, ինչպե՞ս են բացահայտել և գնահատել իրենց կողմից առաջարկվող լուծման հետ կապված ռիսկերը, ի՞նչ գործիքներ ունեն այդ ռիսկերը կառավարելու համար, հանրային ի՞նչ քննարկում են անցել վարչապետի երկու որոշումը և ուզում եմ գտնել մի քանի նման այլ հարցերի պատասխաններ:

ՀՀ կառավարության փաստաթղթերում մնացած «գրվածքները» հեքիաթներ են, որպիսիք շատ ենք լսել: