կարևոր
1708 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-01 11:33

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ուշ է փոխանցվել պատգամավորներին

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ուշ է փոխանցվել պատգամավորներին

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ծավալուն ամփոփաթերթը պատգամավորներին փոխանցվել է նախորդ օրը ուշ երեկոյան և ֆիզիկապես հնարավոր չի եղել այն ուսումնասիրել: ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին դիմելով՝ Հակոբյանը ասաց. «Ես առաջարկում եմ առայժմ այս հարցը չքննարկենք, կարծում եմ՝ հրատապության խնդիր չկա, սա Լարսում կանգնած մեր մեքենաները չեն, որ արագ լուծում տանք, այն լրջագույն օրենք է, որին պետք է ամենայն լրջությամբ մոտենանք»:

Բադասյանն ընդունեց, որ փոփոխությունները ուշ են ուղարկել, բայց այն համարեց որոշակի հրատապություն ունեցող նախագիծ, քանի որ պետությունը միջազգային պարտավորություններ ունի և առաջարկեց ընդունել՝ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ավելի հիմնավոր աշխատելու և լրացնելու պայմանով:

Վահե Հակոբյանն ասաց, որ բազմաթիվ հարցեր կար մինչև նախագծի նախնական քննարկումը և դրանից հետո էլ ավելի է շատացել:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը համաձայնեց, որ կարևոր օրենքը պետք է հիմնավոր ուսումնասիրվի և Բադասյանին առաջարկեց հետաձգել քննարկումը՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում արագացված ընթացակարգով ընդունեl այն:

ՊԵԿ Նախագահը համաձայնեց հետաձգել օրենքի նախագծի քննարկումը:

Ռուստամ Բադասյանը մինչ այդ տեղեկացրեց, որ նախագծով կանոնակարգվել է տրանսֆերային գնագոյացման հետ կապված հարաբերությունները:

Ըստ Բադասյանի՝ այն վերաբերելու է շահութահարկին և ռոյալթիին և չի դիտարկվելու ավելացված արժեքի հարկը:

Նախագծով ընդլայնվել են վերահսկվող գործարքները՝ նրանցում ներառելով փոխառության տրամադրումը, ֆինանսական ակտիվի փոխանցումը,  դրամական իրավունքի տրամադրումը և ոչ նյութական ակտիվենրի օգտագործման իրավունքի տրամադրման գործարկները:

Նախագծով նաև առաջարկվում է ստուգվող գործարքների վաղեմության ժամկետ սահմանել 5 տարի: