«Զինված ուժերին որեւէ մեկը չկրակելու հրաման չի տվել». վստահեցրեց պաշտպանության փոխնախարարը: «Այդ դեպքում զինվորական ստորաբաժանումներն ինչո՞ւ են մայիսին ծեծի միջոցով փորձել կանխել թշնամու առաջխաղացումը». հարցրեց պատգամավոր Գեղամ Մանուկյանն ու հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ի խոսքերը, թե սահմանի ամբողջ երկայնքով զանգվածային ծեծկռտուքներ են եղել:
Պաշտպանության փոխնախարարը տեղյակ չէ, թե ինչ ընթացակարգով կամ հիմքով են մեր օդային տարածքով թռիչքներ իրականացնում ադրբեջանական ինքնաթիռները:Ադրբեջանական ինքաթիռների մասին հարց ուղող պատգամավոր Արթուր Ղազինյանին իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հակադարձեց. հնարավոր չէ բացել մի բան, որը փակ չի եղել: Նկատի ունի օդային սահմանը:
Պաշտպանության փոխնախարարին Գեղամ Մանուկյանը նաեւ հիշեցրեց, որ իր գերատեսչությունը օրենսդիր մարմնին պետք է ներկայացներ զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգը: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Թագուհի Թովմասյանի առաջարկին՝ քաղաքացիական հիվանդանցներում զինծառայողների անվճար հետազատումն ու ծառայությունների տրամադրումը կատարել առանց հերթի:
Նախագիծը դրական էր գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, բացասական՝ առողջապահության նախարարությունը: Նախ պնդեցին՝ գործող կարգով էլ ուղեգրով զինվորներն առանց հերթագրման են հետազոտվում, հետո էլ թե՛ կառավարության, թե՛ իշխող խմբակցության ներկայացուցիչները դեմ են, որ զինվորների ու մյուս պացիենտների միջեւ տարբերություն դրվի: Հավասարության խախտմանը կողմ են ընդդիմադիր պատգամավորները, ոչ միայն հօգուտ զինծառայողների, այլեւ՝ նրանց հարազատների:
Հանձնաժողովի փոխնախագահի՝ ընդդիմության թեկնածուն չի փոխվել, չի փոխվել նաեւ նրանց մարտավարությունը: Հերթական անգամ բոյկոտեցին ընտրությունը, բայց նախքան դուրս գալը պահանջեցին հետաձգել հարցի քննարկումը, քանի դեռ զեկուցողը ներկա չէ, նաեւ տեղեկացրին թշնամու հարձակման ու ընդդիմության ակտիվության միջեւ ուղիղ կապ տեսնող Վահագն Ալեքսանյանի ու Անդրանիկ Քոչարյանի այդ հայտարարության համար հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել: Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չընտրվեց: Եթե մնար, գուցե այս անգամ ընտրեին. չբացառեցին իշխանականները:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։