կարևոր
1882 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-30 18:59

Անելու ենք ամեն ինչ, որ վերականգնվեն անարդյունավետ կամ ապօրինի օգտագործված գումարները․ Արծվիկ Մինասյան

Անելու ենք ամեն ինչ, որ վերականգնվեն անարդյունավետ կամ ապօրինի օգտագործված գումարները․ Արծվիկ Մինասյան

Եթե քննիչ հանձնաժողովը վերջում եզրակացնի, որ «Հայաստան» հիմնադրամի` բյուջե փոխանցված միջոցները եղել են արդարացված, անկախ քաղաքական տարաձայնություններից, հայտարարելո՞ւ եք,  որ խնդիր գոյություն չի ունեցել և վերականգնելո՞ւ եք հիմնադրամի հանդեպ վստահությունը։ Այս մասին հարց ուղղելով հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Ի պատասխան Արծվիկ Մինասյանը նշեց․«Բոլոր այն մարդիկ, ովքեր ակնկալում են այս հանձնաժողովից արդյունավետ աշխատանք, երբեք կասկածներ չպետք է ունենան հանձնաժողովի աշխատանքների հետ կապված։ Այո, ես որպես հանձնաժողովի նախագահ հրապարակային ասում եմ` մեր նպատակը ճշմարտությունը վեր հանելն է, հաստատել կամ հերքելը միջոցների օգտագործման օրինականությունը։  Եթե կան չարաշահումներ, ապա պատշաճ ընթացք ենք տալու մեղավորներին բացահայտելու և պատժի ենթարկելու համապատասխան վարույթներ հարուցելուն, անելու ենք ամեն ինչ, որ  վերականգնվեն անարդյունավետ կամ ապօրինի օգտագործված գումարները, ինչպես նաև  ՀՀ խաթարված հեղինակությունը։ Ի վերջո «Հայաստան» հիմնադրամը Հայաստանի անկախության տարիների պատմության մեջ ամենակայացած ինստիտուտներից մեկն է եղել»։

Մինասյանն ընդգծեց նաև, որ պետք է փարատվեն հանրության մեջ առկա կասկածանքները։

«Եթե չկան մեղավորներ, ի՞նչն է կաշկանդում մեզ հայտարարել դրա մասին։ Մենք խոսում ենք մեր հայրենիքի կարևորագույն հաստատության մասին։ Կարծում եմ, որ մենք, այդ թվում իշխանական պատգամավորները, որևէ կաշկանդվածություն չունեն ցանկացած պաշտոնատար անձի, ով առնչվում է հիմնադրամի միջոցների օգտագործման հետ, հրավիրել այստեղ և հարցեր տալ` Հանրապետության նախագահից և Կառավարության ղեկավարից սկսած»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր տեղի էր ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի առաջին նիստը: