Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ ոստիկանության գործողությունները վերջին շրջանում հանրային հավաքների ընթացքում գնալով էլ ավելի են շեղվում համաչափության և իրավունքի գերակայության տիրույթից:
«Խնդիրը բարձրացնում եմ՝ օգտվելով ընձեռված հնարավորությունից, որ հանձնաժողովում ներկա է ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը»,-շեշտեց Վարդևանյանը:
Պատգամավորի խոսքով՝ ոստիկանությունը պարտավոր է պաշտպանել հասարակական կարգը եւ ապահովել օրենքի գերակայությունը, այլ ոչ թե փորձել հաճոյանալ քաղաքական իշխանություններին։ Նա հանձնաժողովի նիստին ներկա փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին կոչ արեց անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել եւ կանխել խաղաղ ցույցերի եւ զանգվածային հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը։
Հանձնաժողովը քննարկում էր «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը:
«Այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հանարավորության մասին գրավոր հավաստման հիման վրա ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում անձի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելու ապացույցը նրա կողմից անձնագրային ծառայություն ներկայացնելու պահից»,-ասաց Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, և հայտնեց, որ նախագիծն առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն եղել, բայց այն լրամշակվել է կառավարության 5 առաջարկի հիման վրա:
Փոխոստիկանապետը նաև տեղեկացրեց, որ նախագծից հանվել է քաղաքացիությունը դադարեցնելու նոր հիմքը՝ սխալ տվյալների դրույթը, քանի որ այդ դեպքում հնարավոր չէ պարզել, թե այդ սխալները լեզվական, տեխնիկական պատահական սխալ է, թե միտումնավոր, առավել ևս, որ այդ սխալները կարող է նաև հարցաթերթիկում տրված հարցերի ոչ հստակ ընկալման հետևանք լինել:
Արա Ֆիդանյանը հայտնեց, որ ընդունվել է նաև «Հայաստան» խմբակցության պատագամավոր Արամ Վարդևանյանի 2 առաջարկից մեկը, ըստ որի՝ նախագծից պետք է հանվի քաղաքացիներից քաղաքացիություն ստանալու համար պահանջվող տեղեկատվությունն անձամբ ներկայացնելու դրույթը, քանի որ այն կարող է լրացուցիչ բեռ լինել նրա համար:
Նա տեղեկացրեց, որ նախագծի շտկմամբ այդ տեղեկությունները կստանա լիազոր մարմինը՝ Ոստիկանությունը՝ համապատասխան հարցումների միջոցով:
Հանձնաժողովը քվեարկությամբ հաստատեց օրինագիծը: