կարևոր
2797 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-30 12:55

Պաշտպանության փոխնախարարին հայտնի չեն ՀՀ օդային տարածքով ադրբեջանական ինքնաթիռների թռիչքների հիմքերը

Պաշտպանության փոխնախարարին հայտնի չեն ՀՀ օդային տարածքով ադրբեջանական ինքնաթիռների թռիչքների հիմքերը

Հայաստանի օդային տարածքը տևական ժամանակ է՝ տրամադրվում է ադրբեջանական ավիաընկերություններին։ 

«Կա ֆիքսված շարժում, որ Բաքվից Նախիջևան են գնում, ձևական առումով, քաղաքացիական ինքնաթիռներ։ Կցանկանայի իմանալ, թե ՊՆ-ն տեղեկացվա՞ծ է արդյոք քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, թե ինչ հիմունքներով են ադրբեջանական ինքնաթիռները հատում ՀՀ օդային սահմանը, վայրէջք կատարում Նախիջևանում, ապա Նախիջևանից վերադառնում դեպի Բաքու՝ օգտագործելով ՀՀ օդային տարածքը», - ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ դիմելով պաշտպանության փոխնախարարին։

Փոխնախարարն էլ ասաց, թե հիշում է մեկ դեպք, երբ մեծ աղմուկ բարձրացավ նույն խնդրի հետ կապված, երբ ՀՀ օդային տարածքով ադրբեջանական օդանավ էր անցել։ «Քաղավիացիայի կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ես մանրամասներին տեղյակ չեմ ինչ ընթացակարգերով է իրականացվում, եթե Դուք ավելի համապարփակ տեղեկություն եք ուզում ստանալ, կարող եք դիմել քաղավիացիայի կոմիտե։ Անձամբ ես Ձեր հարցին խորը պատասխան չեմ կարող տալ», - ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Ղազինյանը շարունակեց իր հարցը. «ՊՆ-ն ունի՞ համոզվածություն, որ այդ ինքնաթիռներով ռազմական նշանակության ուղեբեռ կամ մարդուժ չի տեղափոխվում եւ ՀՀ-ն իր տռարածքը չի տրամադրում Սիրիայից Նախիջեւան տեղափոխված ահաբեկչական խմբավորումներին եւ Սիրիայի թուրքոման ահաբեկիչներին Նախիջեւանից Ադրբեջանի այլ քաղաքներ տեղափոխելու համար»:

Հարցին ի պատասխան՝ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ասաց, որ մանրամասներին տեղյակ չէ։

Նշենք, որ Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ավիաընկերությունների առաջին թռիչքի մասին հայտնի դարձավ 2021 թվականի հոկտեմբերին, երբ «AZAL»-ը ներքին չվերթ կատարեց Բաքու-Նախիջեւան-Բաքու երթուղով։