կարևոր
1840 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-30 12:03

Ինչո՞ւ են ոչ թե կրակոցների, այլ ծեծկռտուքի միջոցով փորձել կանխել թշնամու առաջախաղացումը. Գեղամ Մանուկյան

Ինչո՞ւ են ոչ թե կրակոցների, այլ ծեծկռտուքի միջոցով փորձել կանխել թշնամու առաջախաղացումը. Գեղամ Մանուկյան

Ինչպես հայտնել էինք այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ էր գումարել, որի ժամանակ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով փոփոխություններ է նախատեսվում «Պետական սահմանի մասին» օրենքում:

Նախագծով սահմանվում է, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են կառավարության սահմանած կարգով:

Նախագծի հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշեց, որ նախագծի ներկայացման համար հիմք է եղել «Պետական սահմանի մասին» օրենքի 29-րդ հոդվածը, համաձայն որի՝ հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում կամ Հայաստանի նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել և ստիպել օդանավին կամ այլ թռչող սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում, իսկ եթե օդանավը կամ այլ թռչող սարքը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ այլ թռչող սարքը:

Նախագծով առաջարկվում է կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս և ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի և մարտական տեխնիկայի կիրառման ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ Փաշինյանը մայիսի 20-ին ԱԺ-ում հայտարարեց, թե սահմանի ողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ: Այնուհետև հետաքրքրվեց ՊՆ փոխանախարար Արման Սարգսյանից՝ արդյոք ՊՆ-ն որևէ քննություն իրականացրե՞լ է, պարզելու՝ զինվորական ստորաբաժանումներն ինչո՞ւ են ոչ թե կրակոցների, այլ ծեծկռտուքի միջոցով փորձել կանխել թշնամու առաջախաղացումը:

ՊՆ փոխնախարար Արմեն Սարգսյանն էլ պնդեց, որ չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել.

«Ինչ վերաբերվում է ծեծկռտուքներին՝ դրանք իրավիճակից բխող, պահի թելադրանքով իրականացվող գործողություններ են, որոնք կարող են հստակ գնահատականի արժանանալ»,-ասաց ՊՆ փոխնախարարը և հայտնեց, որ մայիսի 20-ի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները քննությւան առարկա կդառնան:

Գեղամ Մանուկյանն էլ հակադարձեց՝ աբսուրդ է, երբ սահմանին փայտով իրար ծեծում են, սակայն կրակելու հրաման չեն տալիս.

«Եթե հրաման չեն տվել, վարչապետը, ՊՆ նախարարը և ԳՇ պետը մեկ օրվա ընթացքում այս հարցը կարող էին կարգավորել, այլ ոչ թե թույլ տալ, որ մեր բանակը ձեռնամարտի մեջ մտներ ադրբեջանական բանակի հետ, հետո էլ դավաճաններ հռչակեին»,-ասաց Մանուկյանը:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն անպատասխան թողեց Իշխանասարից ադրբեջանի հետ քաշվելու մասին հարցերը՝ հրաժարվելով նույնիսկ հաստատել կամ հերքել դրանք։ 

«Ձեր նախորդ գրածի համապատասխան ճողոպրեմ, մյուս անգամ»,- նշեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ուղղությամբ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ Ադրբեջանն օկուպացրել է 41 ք/կմ ՀՀ տարածք։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական կողմը հերթական սադրանքն իրականացրեց, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ զոհեր և գերիներ։