Այս կերպ են երիտասարդներն իրենց անվստահությունն արտահայտում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ընդհանրապես դատական համակարգի նկատմամբ: Փոխարենն իրենց աջակցությունն են հայտնում Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանին:
Երեւանում ընթացող բողոքի ակցիային զուգահեռ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Առուշանյանի գործով դատական նիստը, որը մտել է դատաքննության փուլ: Գորիսում քաղաքացիները նույնպես ակցիա են իրականացրել, որը, սակայն, լուռ է ընթացել:
«Առուշ Առուշանյանի վերաբերյալ գործը ստանդարտից դուրս է»,-մինչ դատական նիստի մեկնարկը հայտարարել է նրա պաշտպանը, պնդելով, որ բացառապես քաղաքական հետապնդում է իրականացվում: Էրիկ Ալեքսանյանը նաեւ նշել է, որ նախորդ դատական նիստին կայացված որոշումներն իրենց չեն գոհացրել. համոզմունքը, որ կարող են լինել ճնշումներ, շարունակում է մնալ:
Պաշտպանական կողմի մյուս անդամն, ամեն դեպքում, հույս է հայտնել, որ արդարությունը հաղթելու է:
Գորիսի ղեկավարը դատարանում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Գործով ամբաստանյալ Լուսինե Ավետյանն էլ, որը Քարահունջի ղեկավարն է, հրաժարվել է Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից՝ նշելով, որ սուտ ցուցմունք է տվել: Նա շեշտել է՝ բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է, եւ դա դիտել ընտրակաշառք՝ անընդունելի է: Ավետյանի խոսքով՝ ինքը սատարել է «Հայաստան» դաշինքին եւ իրականացրել է քարոզարշավ օրենքի տառին համապատասխան: Ի դեպ, մամուլում շրջանառվում է, որ հենց Ավետյանի ցուցմունքի հետեւանքով է Առուշանյանը կալանավորվել: Որից հետո ինքը՝ Ավետյանն ազատ էր արձակվել:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում: