Անկարան ու Բաքուն հերթական միջազգային հարթակն են օգտագործել խոսելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին: Մասնավորապես՝ Թուրքմենստանի մայրաքաղաքում Ռեջեփ Էրդողանը Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի մասնակից երկրների առաջնորդներին ասել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի կարեւորությունը տարածաշրջանի համար ակներեւ է: Էրդողանի խոսքով՝ անցած տարվա պատերազմից հետո Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման համար դռներ են բացվել, իսկ ահա Ադրբեջանի նախագահը վստահաբար հայտարարել է՝ «Զանգեզուրի միջանցք»-ն իրականություն է դառնում:
Ռազմական գործողությունների դադարեցմամբ տարածաշրջանում զարգացման ու ինտեգրման նոր ժամանակաշրջան է մեկնարկում նաեւ Իրանի համար: Նախագահ Էբրահիմ Ռայիսին, սակայն, գագաթնաժողովին եւս հստակեցրել է՝ Թեհրանը դեմ է տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության ցանկացած փոփոխության:
Աշխաբադում Ռայիսին նաեւ առանձին հադիպումներ է ունեցել Ալիեւի ու Էրդողանի հետ: Ադրբեջանի նախագահի հետ առաջին դեմ առ դեմ հանդիպմանը նա ասել է, որ սինոնիստներն ու «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները տարածաշրջանի երկու հիմնական սպառնալիքներն են, ու նրանց պետք է կանգնեցնել: Վերջին ամիսներին, իսկ ավելի հստակ՝ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետի հայտնվելուց հետո լարվածություն էր նկատվում Բաքու-Թեհրան հարաբերություններում: Այս առումով իրանական «Իռնա»-ն հայտնում է, որ Ալիեւն անդրադարձել է տարաձայնությունների թեմային: Նա ասել, որ հանձնառու է ապահովելու սահմանային տարածքների անվտանգությունը, նաեւ թույլ չի տա, որ որեւէ երկիր խաթարի իրենց հարաբերությունները: Իսկ հանդիպման ավարտին Ալիեւը հայտարարել է, որ այսուհետ իրանա-ադրբեջանական հարաբերությունները վերընթաց ուղղությամբ կզարգանան բոլոր ոլորտներում: Նրա այս հայտարարության պատճառը թերեւս Աշխաբադում Իրանի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջեւ կնքված գազի տարանցման մասին եռակողմ համաձայնագիրն է, որն Ադրբեջանի նախագահը պատմական է անվանել:
Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները: Այս ուղերձն էլ Ռայիսին հղել է Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը: Էրդողանն էլ իր հերթին ասել է, թե Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան՝ տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությամբ, կարող են պահպանել անվտանգությունը ու կայունությունը Կովկասում: Հանդիպմանը Թուրքիայի նախագահը դժգոհել է, որ Վաշինգտոնը մարզում ու զինում է տարածաշրջանի բոլոր ահաբեկչական խմբավորումներին, ներառյալ՝ ԴԱԻՇ-ին ու PKK-ին, եւ նրանց տրամադրում է ահաբեկչական սարքավորումներ եւ գործիքներ՝ անապահովություն ստեղծելու համար: Էրդողանն առաջարկել է համագործակցել նաեւ այս համատեքստում:
Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում: