կարևոր
613 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-29 21:37

Երևանում մեկնարկեց Դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերի համաժողովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեւանում մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խոհրդաժողովի պաշտոնական բացումը, որը շարունակվելու է նաեւ Գորիսում: Խորհրդաժողովի ընթացքում հատուկ քննության է առնվել ստեղծված իրավիճակում Արցախի հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակը: Խորհրդաժողովին ներկա էին Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից եւ գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչ:

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերը եւ գրասենյակները, 44-օրյա պատերազմի առաջին օրերից համախմբելով հայության ամբողջ համաշխարհային ներուժը, միջոցառումներ էր անցկացնում՝ աջակցելով Արցախին ու Հայաստանին: Հազարավոր հայեր հայկական դրոշներով, տարբեր գրառումներով պաստառներով հավաքվում էին աշխարհի տարբեր ծայրերում՝ իրազեկելով Արցախում տիրող պատերազմի եւ մարդասիրական ճգնաժամի մասին: Պատերազմից մեկ տարի անց էլ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերը եւ գրասենյակները շարունակում են հատուկ ուշադրություն դարձնել արցախյան հիմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա:

Խորհրդաժողովին աշխարհի տարբեր երկրներից իրենց ուղերձներն են հղել ներկայացուցիչներ, որոնք աշխատել են Հայ Դատի հանձնախմբերի հետ: ԱՄՆ Կոնգրեսի անդամ, Հայկական խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը իր ուղերձում հայտնել է, որ Հայ Դատի ամերիկյան հանձնախումբը եղել է արդարության պայքարի առաջնագծում եւ միասին շարունակելու են աջակցել Հայաստանում եւ Արցախում ժողովրդավարության ուժեղացմանը եւ խորացնել հայ եւ ամերիկացի ժողովուրդների միջեւ կապերը: 

«Պատերազմը փոփոխություն մտցրեց աշխարհի վերաբերմունքի մեջ, երբ աշխարհը տեսավ, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն պաշտպանելու հայկական շահերը»,-խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանը ասաց Կիրո Մանոյանը:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, կարեւորելով Երեւանում մեկնարկած խորհրդաժողովի անցկացումը, վերհիշեց, որ հայրենիքը հարյուրամյակների ընթացքում ունեցել է անկումներ եւ վերելքներ եւ այս խորհրդաժողովը մեկնարկել է մի ժամանակահատվածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող լրջագույն սպառնալիքների առաջ:

Անդրադառնալով Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությանը եւ փաստին, որ այնտեղ խոսք չկար Արցախի խնդրի մասին՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ընդգծեց, որ Արցախի հարցը լուծված չէ, որքան էլ Ադրբեջանը հայտարարի, որ իր համար նման հարց գոյություն չունի իրենք կողմնակից են, որ վերակենդանացվի Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը պարբերաբար աշխատանքներ է իրականացնում սենատորների հետ՝ իրենց գերադաս նպատակը համարելով կրճատել ԱՄՆ օժանդակությունը դեպի Ադրբեջան: Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանն ասաց, որ, նկատի առնելով Ադրբեջանի հարձակողական պահվածքը եւ 44-օրյա պատերազմը, որը դեռ չի ավարտվել, ԱՄՆ կառավարությունը չպետք է ամերիկյան օժանդակություն ուղարկի Ադրբեջան:

Խորհրդաժողովից հետո մասնակիցները այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նահատակված հայորդիների հիշատակին:

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների ներկայացուցիչները աշխատանքները կշարունակեն Սյունիքում:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում: