կարևոր
664 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-29 20:34

Այսուհետ դպրոցները կունենան երկու ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսուհետ դպրոցները կունենան երկու ղեկավար: Կառավարությունը հաստատել է «Հանրակրթության մասին» օրենքում արմատական փոփոխություններ իրականացնելու նախագիծը: Նախագիծը ներկայացրել էր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Առաջարկվում է դպրոցներում  տարանջատել դպրոցի տնօրենի բովանդակային եւ վարչատնտեսական գործառույթները: Դպրոցի տնօրենը պետք է զբաղվի միայն կրթության որակի բարելավմամբ, իսկ շենքի եւ գույքի պահպանության, ֆինանսական, վարչատնտեսական պատասխանատվության գործառույթը կփոխանցվի վարչական մասի ղեկավարին: Ի դեպ վարչական ղեկավարը կիրականացնի ոչ թե մեկ, այլ մի քանի դպրոցի գույքի կառավարում:

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 25-ին կառավարության նիստի ժամանակ ասաց, որ այս բարեփոխումը շատ կարեւոր է, որպեսզի դպրոցի մանկավարժական կոլեկտիվը կենտրոնանա միայն մանկավարժական գործունեության վրա, իսկ որոշ հաստիքներ, նրա կարծիքով, ավելորդ են:  

Նախագծի մեկ այլ փոփոխությամբ տնօրենի թափուր պաշտոնի համալրումը կկատարվի նշանակման միջոցով, այդ գործառույթն իրականացնելու է ԿԳՄՍ նախարարությունը. այս կետը թույլ կտա ԿԳՄՍ հաջողված կադրերին գործուղել դպրոցներ: 

Լեւոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցի տնօրեն Ներսիկ Էլոյանի կարծիքով կրթությունը զարգացնելու համար պետք է ստեղծել պահանջարկ:

Ուսուցիչների մասնագիտական զարգացման ամբողջական բարեփոխման համար նախագծով առաջարկվում է վերանայել նաեւ ատեստավորման գործընթացը: Միատեսակ ատեստավորման փոխարեն կներդրվեն հանրակրթության պետական չափորոշչից բխող վերապատրաստումներ: Հնարավորություն կտրվի կիրառելու ատեստավորման տարբեր համակարգեր, այդ թվում՝ գիտելիքի ստուգման վրա հիմնված կամավոր ատեստավորումը:

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը համարվել է անհետաձգելի: Վահրամ Դումանյանի խոսքով՝ նոր նախագծով ոլորտում տեսանելի փոփոխություններ կլինեն:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում: