կարևոր
1819 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-29 19:23

«Օմիկրոն»-ն ընդլայնում է աշխարհագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կորոնավիրուսի մուտացված «Օմիկրոն» շտամը շարունակում է ահաբեկել աշխարհին, թեեւ դրա ազդեցության մասին տեղեկատվություն գրեթե չկա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռ ուսումնասիրում է, բայց մինչ այդ զգուշացնում է՝ նոր շտամի տարածման հավանականությունն աշխարհով մեկ շատ բարձր է:

Հարավային Աֆրիկայում հայտնաբերված նոր շտամն արդեն արձանագրվել է մեկ տասնյակից ավելի երկրում, այդ թվում՝ Նիդերլանդներում, Չեխիայում, Իտալիայում, Դանիայում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում: «Օմիկրոն»-ից վախեցած, դրա մասին տեղեկատվության պակասի պատճառով անորոշության մեջ գտնվող ավելի շատ պետություններ են նոր սահմանափակումների մասին հայտարարում, իսկ կանխարգելիչ քայլերից մեկը նորից սահմանների փակումն է: Իսրայելը, նոր շտամի 2 դեպք արձանագրելուց հետո, 14 օրով փակել է իր սահմաններն օտարերկրացիների առջեւ: Երկրի դռները փակում է նաեւ Ճապոնիան, իսկ Ավստրալիան էլ հետաձգում է սահմանների վերաբացումը: 

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահն է՝ դժգոհում ու անարդար է համարում աֆրիկյան մի շարք երկրների հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ռուսաստանի ու տասնյակ այլ պետությունների որոշումը: 

Եվ այս տեսանյութով Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը փորձում է ցույց տալ, որ մինչեւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն աշխարհով մեկ հավասարապես բաշխված չլինեն, Քովիդ-19-ը շարունակելու է տարածվել, մուտացիաների ենթարկվել ու ավելի վտանգավոր դառնալ:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում: