կարևոր
670 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-29 18:47

Զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ. Քարահունջի ղեկավար

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տված Քարահունջի բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը դատարանում հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքից: «Զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ».- հայտարարեց Ավետյանը։

Դատարանում ելույթի ժամանակ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը նշեց, որ Առուշանյանը ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել։  Լուսինե Ավետյանը տարակուսանք հայտնելով իր դեմ տված բնակիչների ցուցմունքներին, ասաց որ կողմնակի ճնշում է գործադրվել նրանց նկատմամբ։

«Բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է և դա դիտել ընտրակաշառք անընդունելի է, զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- նշեց Լուսինե Ավետյանը։

Ավետյանի խոսքով, ինքը սատարել է «Հայաստան» դաշինքին և իրականացրել է քարոզարշավ՝ օրենքի տառին համապատասխան։

Հիշեցնենք, որ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը ձերբակալվել է հուլիսի 5-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով, այնուհետև կալանավորվել: 

Շուտով, սակայն, պաշտպանության կողմի միջնորդության քննարկման արդյունքում, դատախազի որոշմամբ փոխվել է Ավետյանի խափանման միջոցը՝ գրավով։ «Հաշվի է առնվել նրա կողմից ինքնախոստովանական ցուցմունք տալու, քննությանը և հանցագործության բացահայտմանն օժանդակելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ քննության տվյալ փուլում նվազել է դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմամբ քննությանը խոչընդոտելու ռիսկը և գրավի կիրառումը բավարար է ազատության մեջ մնալով մեղադրյալի պատշաճ վարքագիծը երաշխավորելու համար»,- հայտնել են դատախազությունից:

Ի դեպ, հենց Լուսինե Ավետյանն է այն անձը, որի ցուցմունքի հիման վրա Առուշ Առուշանյանին մեղադրանք առաջադրվել և վերջինս կալանավորվել է: Դեռևս Ավետյանի ձերբակալման իրավաչափության հարցի քննարկման ժամանակ տեղեկատվություն էր շրջանառվում առ այն, որ նրանից փորձում են ցուցմունք կորզել Առուշանյանի դեմ, ապա՝ գործարք են առաջարկել, համաձայն որի՝ վերջինս ազատ կարձակվեր՝ ցուցմունք տալով Առուշանյանի դեմ: Թեև Ավետյանը համաձայնել էր գործարքի գնալ իրավապահների հետ, այդուհանդերձ, դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել, ինչը, փաստորեն օրեր անց փոխվել է: Ավելին՝ պարզվում է Ավետյանի ազգականներից մեկն աշխատանքի է անցել դատախազությունում: