կարևոր
1888 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-29 18:13

Սյունեցուն ոգեշնչելու փոխարեն, գլխատում են. Քաջարան համայնքի ավագանին դիմում է դատարանին

Քաջարան համայնքի ավագանու անդամները մինչ այսօր չգիտեն, թե իրենց համայնքապետին ինչու են կալանավորել, շուրջ 6 ամիս է՝ համայնքապետը չկա, քաղաքն անտեր է։ Այսօր տարածած հայտարարությամբ ավագանու անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել և դատարանին դիմելով՝ խնդրել են փոփոխել Մանվել Փարամազյանի խափանման միջոցը:

«Հարգելի դատարան, հայտնում ենք Ձեզ մեր խորը անհանգստությունն ու մտահոգությունն այն հանգամանքի վերաբերյալ, որ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն արդեն 6 ամիս է՝ գտնվում է արգելանքի տակ, իսկ Փարամազյանի գլխավորած համայնքն իր բացակայության պայմաններում գլխատված է, քաջարանցին՝ հիասթափված։

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ տեղական ինքնակառավարումը միայն ենթադրում է ժողովրդի կողմից ընտրված համայնքի ղեկավար և ավագանի։ Աներկբա է Քաջարան համայնքի համար ևս, որ գրեթե 100 տոկոս քվե ստացած համայնքի ղեկավարն այսօր գտնվում է կալանքի տակ։ Դեռևս անհայտ է նրան մեղսագրվող արարքների օրինականությունն ու իրավաչափությունը։ Ավելին, դրանք հետագայում, միանշանակ, կլինեն ՄԻԵԴ գանգատի առարկա։

Ներկայումս քաջարանցու ընտրական իրավունքի խախտման պայմաններում ինչպե՞ս պետք է իրականացնել համայնքի ղեկավարումը, երբ գործ ունենք ամբողջությամբ պարալիզացված ներհամայնքային կյանքի, մշակույթի, աշխատավոր քաջարանցու վստահության բացակայության հետ, երբ վերջիններիս կայացրած որոշումը երաշխավորված չէ։ Այսօր բոլոր ժամանակներում անառիկ Սյունիքը կանգնել է պատմական հորձանուտ անցնելու վտանգի առաջ, իսկ սյունեցուն ոգեշնչելու, իր դիրքերում ամուր կանգնելու և բնօրրանը երբեք չլքելու համար պայմաններ ստեղծելու փոխարեն գլխատում են։ Սա է ներկայիս կարգավիճակով Քաջարան համայնքը։

Հարգելի դատարան, Ձեզ է ընձեռված գործի անկողմնակալ, անաչառ և օբյեկտիվ իրավագիտակցությամբ ընկալելու բացառիկ իրավունքը։

Մեր համայնքի ղեկավարին մեղսագրվող արարքի մեղադրանքի առումով համոզված ենք, ունենք բավարար երաշխիքներ, մեղադրական թեքումից ձերբազատվել և անկողմնակալ արդարադատություն իրականացնել։ Խնդրում ենք փոփոխել Մանվել Փարամազյանի խափանման միջոցը, նրան ազատ արձակել և ընտրել մեկ այլ խափանման միջոց։ Արդար չէ ներկայումս չհիշատակել հզոր համայնքապետի դերն ու նշանակությունը ողջ 44-օրյա պատերազմում, առավել ևս հիմա, երբ պետականության հիմքերն ամրացնելու անհրաժեշտությանն ենք լծված յուրաքանչյուրս»,- նշված է հայտարարությունում, որն ավագանու անդամներն ուղարկել են դատարան։