Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր տեղի ունեցավ Գորիսի նորընտիր համայնքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը: Մինչ նիստը սկսելը, դատարանը, ընդառաջելով մեղադրող կողմի առաջարկին, արգելեց ուղիղ եթերով հեռարձակել նիստը՝ փոխարենը թույլ տալով տեսագրել այն։
Դատախազներն ընթերցեցին գործով ամբաստանյալներ Առուշ Առուշանյանի եւ Քարահունջ համայնքի նախկին ղեկավար Լուսինե Ավետյանի մեղադրական եզրակացությունները: Ամբաստանյալները հայտարարեցին, որ առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:
Առուշանյանը նշեց. «Այն, ինչ մինչեւ հիմա ներկայացվեց, իրականությանը չի համապատասխանում»՝ հավելելով, որ իր դիրքորոշումը հիմնավոր կներկայացնեն փաստաբանները։
Դատարանում ելույթի ժամանակ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը նշեց, որ Առուշանյանը ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել։
Լուսինե Ավետյանը տարակուսանք հայտնելով իր դեմ տված բնակիչների ցուցմունքներին, ասաց որ կողմնակի ճնշում է գործադրվել նրանց նկատմամբ։ «Բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է և դա դիտել ընտրակաշառք անընդունելի է, զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- նշեց Լուսինե Ավետյանը։ Ավետյանի խոսքով, ինքը սատարել է «Հայաստան» դաշինքին և իրականացրել է քարոզարշավ՝ օրենքի տառին համապատասխան։
Մեկ այլ մեղադրյալ Հարութ Լալազարյան ևս հերքեց դատախազւոթյան մեղադրանքներըք՝ հավելելով, որ «շառ են անում», իսկ մեղադրանքն ամբողջությամբ չի ընդունում։
Պաշտպանները պնդեցին, որ առաջինը հարցաքննվեն ամբաստանյալները, հետո վկաները, ապա ներկայացվեն գործով առկա ապացույցները: Նրանց խոսքով, եթե ամբաստանյալն ուզում է ցուցմունք տալ, ապա դատարանն առաջնահերթությունը պետք է դրան տա:
Դատական նիստում դատարանը ապացույցների հետազոտման հետեւյալ կարգը սահմանեց. սկզբում կքննեն ամբաստանյալներին, երկրորդ փուլում վկաների հարձաքննությունները կլինեն, այնուհետեւ գործում առկա փաստաթղթերի հետազոտություն կլինի:
Նշենք, որ Դատարանի շենքի դիմաց այսօր վաղ առավոտից քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել՝ հաջակցություն Առուշ Առուշանյանի:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին, որի ընթացքում դատարանը մասամբ բավարարեց Առուշ Առուշանյանի պաշտպանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ առկա տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակման արգելքը հանելու վերաբերյալ: Դատարանը բավարարեց նաև դատախազութայն միջնորդությունը. 2 մլն դրամի չափով, դատարանի որոշմամբ կփոխանցվի պետական բյուջե: Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պնդեց, որ դատարանի որոշումը չի բխում օրենքից:
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։ Նա կալանավորված է 2021թ.-ի հուլիսի 16-ից: