կարևոր
511 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-29 13:37

Ես հանգիստ չեմ լինի մինչև տարածաշրջան չբերենք վերջնական ու արդար խաղաղություն. կոնգրեսական Ադամ Շիֆի ուղերձը՝ Հայ դատի խորհրդաժողովին

Ես հանգիստ չեմ լինի մինչև տարածաշրջան չբերենք վերջնական ու արդար խաղաղություն. կոնգրեսական Ադամ Շիֆի ուղերձը՝ Հայ դատի խորհրդաժողովին

«Հայ Դատի ամերիկյան հանձնախումբը եղել է արդարության պայքարի առաջնագծում ԱՄՆ կողմից Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչումից մինչև ազատ և անկախ Արցախին սատարելու ներկա ջանքերը»,- ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին ուղղված իր ուղերձում հայտնեց ԱՄՆ Կոնգրեսի անդամ, Հայկական խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը:

Նա ողջունեց խորհրդաժողովի մասնակիցներին և նշեց, որ միշտ հաճելի է աշխատել Հայ Դատի հանձնախմբերի հետ՝ պաշտպանելու տանը և արտասահմանում ապրող հայ քույրերի և եղբայրների իրավունքները:

«Այս տարի մենք առաջընթացի պահ ունեցանք, երբ Նախագահ Բայդենը կտրեց ամոթալի լռության տասնամյակնները՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, բայց մեր աշխատանքը հեռու է ավարտից»,- հայտնեց Շիֆը:

Նա նկատեց, որ այս պահին Հայաստանում և Արցախում հազարավոր մարդիկ ապրում են իրենց հարևանների կողմից շարունակական ու վտանգավոր սպառնալիքների պայմաններում՝ միաժամանակ սգալով անթիվ մարդկանց՝ իրենց հարևանների, ընտանիքի անդամների, սիրելիների կորուստը, որոնք սպանվում են, գերեվարվում, տեղահանվում, խոշտանգվում և ապօրինաբար ձերբակալվում:

«Որպես կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ՝ ես հանգիստ չեմ լինի մինչև տուն չվերադարձնենք բազմաթիվ գերիներին, մինչև փախստականները չվերադառնան իրենց տները, մինչև տարածաշրջան չբերենք վերջնական ու արդար խաղաղություն»,- ասաց ԱՄՆ կոնգրեսականը:

Նա հայտնեց, որ Հայ Դատի հետ միասին շարունակելու են աջակցել Հայաստանում և Արցախում ժողովրդավարության ուժեղացմանը և խորացնել հայ և ամերիկացի ժողվուրդների միջև կապերը:

«Ես միշտ կլինեմ հայ ժողովրդի կողքին»,- ուղերձն ավարտեց Ադամ Շիֆը: