Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել:
«Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննության վերաբերյալ շուրջ 15 ժամ տևած քննարկման արդյունքներով դատարանը որոշում կայացրեց 2 ամիս ժամանակով երկարացնել Դ.Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը, որի վերաբերյալ կայացված որոշումը դեռևս չի ստացվել:
Հաշվի առնելով վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերում ինչպես կալանավորման պայմանների, այնպես էլ կալանավորման հիմքերի վերաբերյալ տեղեկությունների բացակայությունը՝ պետք է փաստենք, որ վարույթն իրականացնող մարմնի և դատարանի՝ պաշտպանական ոլորտում վարչատնտեսական գործունեության որոշումների ձևավորման և կայացման գործընթացի վերաբերյալ թերի և ոչ մասնագիտական գիտելիքների պատճառով Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքը ենթարկվում է շարունակական ոտնահարման, որի հեռահար նպատակներից մեկը նրա հեղինակության վրա ազդելն է:
Կրկին հրավիրում ենք քաղաքական ղեկավարության ուշադրությունը Դ. Տոնոյանի նկատմամբ իրականացվող ոչ օբյեկտիվ քննության վրա, որի վառ ապացույցներն են քրեական գործով յուրօրինակ, սուբյեկտիվ և ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանությունները՝ հիմնված բացառապես ենթադրությունների վրա»:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ Տոնոյանը կալանավորվել էր 2 ամսով:
Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու համար: