կարևոր
1558 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-29 12:56

Բա էլ ո՞րն է քաղաքական հետապնդումը. իրավական գործընթաց չկա, ամեն ինչ արվում է շատ ակնհայտ. Առուշանյանի պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ներկա պահին Առուշ Առուշանյանի գործով մենք գտնվում ենք դատաքննության փուլում. Նախորդ դատական նիստին մենք սպառեցինք այդ փուլում միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը. Այսօր անցնելու ենք բույն դատաքննությանը:  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Նրա խոսքով, առաջին քայլով պետք է որոշվի ապացույցների հետազոտման հաջորդականության կարգը. «Ապացույցների հետազոտումից հետո պաշտպանական կողմը, բնականաբար, ունի միջնորդություն: Մարտավարական հանգամանքներից ելնելով ներկա պահին չեմ ցանկանում բարձրաձայնել:

Ես մնում եմ այն կարծիքին, որ մենք գործ ունենք իրականում պրոֆեսիոնալ դատավորի հետ: Այո, նախորդ  դատական նիստում կայացվեցին որոշումներ, որոնք պաշտպանական կողմին գոհացնող չէին:

Այո, ես վտահ եմ, որ կարող են լինել նաեւ համապատասխան ճնշումներ այս գործի առումով, հետեւաբար այս գործի շրջանակներում ինձ համար ամեն ինչ սպասելի է: Այդուհանդերձ, պաշտպանական կողմը չի հանձնվում, մինչեւ վերջ պայքարելու ենք: Մեզ համար խափանման միջոցի փոփոխման հարցը դեռ արդիական է, այդ հարցը բարձրացնելու ենք եւ հույս ունենք, որ շատ շուտով Առուշ Առուշանյանը կլինի ազատության մեջ»,-ընդգծեց պաշտպանը:

Նա նկատեց, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչու են մեկուսացրել Սյունիքի համայնքապետերին. «Նրանք կարող են խոչընդոտ հանդիօսանալ որոշ հարցերի վերաբերյալ, որոնք լուծում է այսօր գործադիր իշխանությունը: Նույն իրավիճակը տեսանք Արթուր Սարգսյանի հետ կապված: Նման պայմաններում, եթե սա չի քաղաքական հետապնդումը, բա էլ ո՞րն է քաղաքական հետապնդումը: Մի հետապնդում, որտեղ իրավական գործընթաց չկա, երբ ամեն ինչ արվում է շատ ակնհայտ ու շատ արհեստական, մենք չենք կարող դա գնահատել որպես իրավական: Սյունիքի բոլոր համայնքապետերի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին, որի ընթացքում դատարանը մասամբ բավարարեց Առուշ Առուշանյանի պաշտպանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ առկա տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակման արգելքը հանելու վերաբերյալ: Դատարանը բավարարեց նաև դատախազութայն միջնորդությունը. 2 մլն դրամի չափով, դատարանի որոշմամբ կփոխանցվի պետական բյուջե: Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պնդեց, որ դատարանի որոշումը չի բխում օրենքից:

Գորիսի  համայնքապետ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։ Նա կալանավորված է 2021թ-ի հուլիսի 16-ից: