կարևոր
808 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-29 12:49

Առուշ Առուշանյանը ներկա կլինի այսօրվա դատական նիստին

Առուշ Առուշանյանը ներկա կլինի այսօրվա դատական նիստին

Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր 14.00-ին կկայանա Գորիսի նորընտիր համայնքապետ, այս պահին կալանավորված Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը։ Գորիսի համայնքապետի աջակիցները կոչ են արել միանալ եւ բոլորին ցույց տալ գորիսեցու արժանապատվությունը։ Գորիսում բոլորը սպասում են Առուշանյանի ազատ արձակվելուն։

«Վերջին ընտրություններում Գորիսի ղեկավարի բացարձակ հաղթանակը խոսում է այն մասին, որ Գորիս համայնքը վստահում է և սպասում է իր առաջնորդին։ Բոլորը ակնկալում են արդար դատավարություն՝ համայնքի բնակիչների սպասելիքները դրական առումով շատ մեծ են»,- համայնքի ավագանու անդամ Իրինա Յոլյանը։

Յոլյանը նշեց, որ համայնքին ու համայնքի անվտանգությանը, սոցիալ-տնտեսական կյանքին վերաբերող ցանկացած հարցի լուծումը կախված է համայնքի ղեկավարից։

«Հիմա իներտ իրավիճակ է և բոլորը սպասում են մինչև համայնքի ղեկավարը վերադառնա։ Համայնքն է տուժում այս իրավիճակից, քանի որ Աստված մի արասցե, հարկ եղած դեպքում համայնքի մոբիլիզացիայից սկսած, պաշտպանության գործընթացից ավարտած, պարզ է, որ այդ ամեն ինչը Առուշ Առուշանյանի հրամանատարությամբ և իր գլխավորությամբ պիտի տեղի ունենա»,-ընդգծեց Յոլյանը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին, որի ընթացքում դատարանը մասամբ բավարարեց Առուշ Առուշանյանի պաշտպանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ առկա տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակման արգելքը հանելու վերաբերյալ: Դատարանը բավարարեց նաև դատախազութայն միջնորդությունը. 2 մլն դրամի չափով, դատարանի որոշմամբ կփոխանցվի պետական բյուջե: Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պնդեց, որ դատարանի որոշումը չի բխում օրենքից:

Գորիսի  համայնքապետ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։ Նա կալանավորված է 2021թ.–ի հուլիսի 16-ից: