կարևոր
1234 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-29 12:07

Այսօր Հայ դատի գլխավոր խնդիրն է կասեցնել դեպի նորանոր պարտությունների տանող, երկրի գահավիժող ընթացքը․ Արմեն Ռուստամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

44-օրյա պատերազմը զգալի փոխել է Հարավային Կովկասում ռազմաքաղաքական ուժերի հավասարակշռությունը, ստեղծված վիճակը պահանջում է կատարել Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ամբողջական վերագնահատում և դրա վրա կառուցել մեր առաջիկա բոլոր ծրագրերն ու անելիքները․ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացմանը։

«Եթե մինչև այս պատերազմը հայության և Հայ դատի գլխավոր խնդիրը ազատամարտում արձանագրված հաղթանանկի արդյունքների ամրագրումն էր, ապա հիմա դա այս պատերազմում կրած պարտության և հետևանքների չեզոքացումն ու առաջացած նոր մարտահրավերների հաղթահարումն է»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Նա ընդգծեց, որ այսօր հրատապ խնդիր է կասեցնել դեպի նորանոր պարտությունների տանող, երկրի գահավիժող ընթացքը և այն կարմիր գիծը, որից այն կողմ որևէ նահանջ ու զիջում հանգեցնելու է հայ տեսակի ու պետականության կորստի։

«Նկատի ունենալով Մեծ Թուրանի գաղափարով թուրքական երկրները համախմբելու և հնարավորինս արագ այս պատերազմից առավելագույնը ստանալու՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնությունները, Հայաստանին ու Արցախին սպառնացող անմիջական վտանգն այսօր Հայաստանի թուրքացումն ու Արցախի հայաթափումն է»,-ասաց Ռուստամյանը։

Հետևաբար, նրա համոզմամբ, մեր գլխավոր խնդիրը պետք է լինի դա բացառելը։