կարևոր
511 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-29 10:52

Հավելյալ թափով շարունակելու ենք մեր աշխատանքները Հայաստանում և Արցախում․ Հակոբ Տեր-Խաչատուրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ծանր էր Արցախյան երկրորդ պատերազմի ցավը, որովհետև մենք հեռացանք անխոցելիության զգացումից՝ Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

«Այս ապիկար իշխանության պատճառով այս պատերազմի թուրքական և ադրբեջանական միացյալ հարձակումների, ջիհադիստ վարձկանների մասնակցությամբ ստեղծվեց կացություն, որ ցնցեց ամբողջ հայ աշխարհը։ Բնական է, որ այս կացության մեջ Հայ դատի հանձնախմբի ցանցը անմիջապես հավաքվեց և քննեց, թե այս պատերազմի ընթացքում և հետո ինչ հատուկ մարտավարական ճշգրտումներ են հարկավոր, որ առաջ տանենք մեր աշխատանքը։ Թափը չկասեցվեց»,-ասաց Հակոբ տեր-Խաչատուրյանը։

Նա փաստեց, որ ամբողջ պատերազմի ընթացքում ՀՅԴ-ն տրամադրեց իր ամբողջ ներուժն այս պետությանը՝ լինի մարդուժի իմաստով՝ պահեստազորի, անձերի, կամավորների, որոնք մասնակցեցին պատերազմին, լինի քարոզչական պայքարը աշխարհով մեկ, քաղաքական աշխատանքները, ինչպես նաև ժողովրդային ցույցերով ողողեց աշխարհի մայրաքաղաքները, որպեսզի հայության ձայնը հասնի աշխարհի խղճին։

«Ճիշտ է, որ, վերջիվերջո, արդյունքը մեզ բոլորիս հուսալքեց, բայց այդ պատերազմի ժամանակ մենք կարողացանք նաև ստեղծել այն համահայկական համախոհությունը, որի արդյունքում կարողացանք 170 միլիոն դոլարի գումար հասցնել Արցախի օժանդակությանը»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։

Նա նշեց, որ միշտ հայտարարել են, որ երբ գա պահը, սկսելու են մեր դեմ առ դեմ խորհրդաժողովները, և ահա 2020 թ-ի փետրվարից հետո առաջին անգամն է, որ այսպիսի դեմ առ դեմ խորհրդաժողով են անցկացնում, մյուսները եղել են առցանց։

Խորհրդաշողովը շաունակվելու է Գորիսում, ապա Ստեփանակերտում, որպեսզի, ինչպես Հակոբ Տեր-Խաչատուրյանն ասաց, նաև Սյունյաց աշխարհի մեջ ու Արցախում արտահայտեն իրենց նեցուկը, ցույց տան, թե նույնքան վճռական են, ինչպես անցյալում և հավելյալ թափով շարունակելու են իրենց աշխատանքները Հայաստանում և Արցախում։

Մանրամասն՝ տեսանյութում․