Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի աջակիցները նոյեմբերի 29-ին լինելու են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, որտեղ տեղի է ունենալու Առուշ Առուշանյանի գործով հերթական դատական նիստը։
Համայնքապետի աջակիցները կոչ են արել միանալ իրենց եւ բոլորին ցույց տալ գորիսեցու արժանապատվությունը։
«Մեր ուժեղ Համայնքապետը Գորիսում է լինելու ՝ նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Գորիսի դատարանում:
Խոսքից գործին անցնելու ժամանակն է:
Գորիսեցու արժանապատվութոնը ցույց տանք բոլորին, ոտքի՛»:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին, որի ընթացքում դատարանը մասամբ բավարարեց Առուշ Առուշանյանի պաշտպանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ առկա տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակման արգելքը հանելու վերաբերյալ: Դատարանը բավարարեց նաև դատախազութայն միջնորդությունը. 2 մլն դրամի չափով, դատարանի որոշմամբ կփոխանցվի պետական բյուջե: Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պնդեց, որ դատարանի որոշումը չի բխում օրենքից:
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։ Նա կալանավորված է 2021թ.–ի հուլիսի 16-ից: