կարևոր
673 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-27 22:05

Մինչ օրս ավարտին չի հասել 46 սեյսմակայուն դպրոցի կառուցումը․ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ կառավարությունը դեռեւս 2015 թվականից Ասիական բանկի տրամադրած գումարով ծրագիր էր սկսել, ըստ այդ ծրագրի պետք է կառուցվեր ու նորոգվեր 46 դպրոց: 2018-ի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը ծրագրի մասին խոսեց, որպես գեղեցիկ խոստում, բայց շարունակաբար փոփոխեց ժամկետները: Հերացու անվան ավագ դպրոցի նորոգումն, ըստ ծրագրի, պետք է ավարտվեր 2021թ. հուլիսին․ այն դեռ կառուցված չէ:

46 սեյսմակայուն դպրոցի կառուցումը մինչ օրս ավարտին չի հասել: Ծրագրում ընդգրկված որոշ դպրոցների պարագայում գործը նախագծային փուլից այդպես էլ չի անցել շինարարականին: Հայաստանի կառավարությունը ասիական զարգացման բանկի հետ ծրագիրը սկսել է դեռեւս 2015թ-ին եւ ավարտին պետք է հասցվել 2020-ին, սակայն հետագայում վերջնաժամկետ էր սահմանվել 2024 թվականը:

2019-ի փետրվարին էլ՝ կառավարության նիստի ընթացքում, այդ ժամանակ Տարածքային եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարի պաշտոնը զբաղեցրած Սուրեն Պապիկյանը նախագիծ էր ներկայացրել եւ խոստանում էր, որ իրականացման արդյունքում սեյսմիկ անվտանգ դպրոցներ կունենանք:

Կառավարության այս նիստից դեռ ամիսներ առաջ, 2018թ-ին, Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ անցկացվող խորհրդակցության ընթացքում պատասխանատուները հայտնել էին 8 դպրոցի շինարարական աշխատանքների մեկնարկի մասին, որոնք պետք է ավարտին հասցվեին արդեն 2019թ-ին: Մինչդեռ սահմանված այդ ժամկետում ոչ մի դպրոցի աշխատանք չէր ավարտվել:

Այժմ էլ ըստ ներկայացված պատճառաբանության՝ 2019թ-ին սկսվել են 21 դպրոցի ոչ թե շինարարական այլ նախագծային աշխատանքները: Ուշադրություն է գրավում նախատեսված ծախսի գումարի ու իրականում հատկացվածի տարբերությունը: Տարական ճշտված պլանը 5 մլրդ 300 միլիոն դրամ է եղել, որի համար փաստացի վճարումները 3.5 մլրդ դրամ են կազմել:

Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը նշում է, որ մեկնարկել են 21 դպրոցի շինարարական աշխատանքները 2020թ-ի վերջից, եւ այդ աշխատանքներից 15-ը պետք է ավարտին հասցվեն 22թ-ին, իսկ 7-ը՝ 2023թ-ին:

Պայմանագրի համաձայն՝ 2022թ-ին պետք է ավարտին հասցվեն 37, իսկ 2023թ-ին 46 դպրոցի շինարարական աշխատանքները: Մինչդեռ շինարարության տեմպը կրկին նախատեսվածից ցածր է: Որպես պատճառ Տարածքային զարգացման հիմնադրամը ներկայացնում է՝ 2020-ին Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները, որոշ ժամանակ շինարարական աշխատանքներն էին դադարեցվել:

2021 թվականի հունիսին Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որի սեյսմավտանգ դպրոցաշինության ծրագրով ավարտվել է 6 եւ ընթացքի մեջ է 15 դպրոցի շինարարություն: Այն ծրագիրը, որը երկար ժամանակ ներկայացվել է որպես դպրոցաշինության ծրագիր, քարոզվել ,ներկայացվել է որպես կառավարության հաջողություններից մեկը, համապատասխան արդյունքներ դեռեւս չի գրանցել:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։