կարևոր
628 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-27 20:35

Հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ, որը ենթադրաբար կարող է ավելի վտանգավոր լինել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխարհը նորից իրար է խառնվել: Հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ, որը, ենթադրաբար, կարող է ավելի վտանգավոր լինել, քան մինչ այժմ եղածները: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն անվանել է «Օմիկրոն»՝ հունական այբուբենի 15-րդ տառի անունով: Նման շտամերին սովորաբար տրվում են հունական տառերի անունները, որպեսզի դրանք չասոսցացվեն այն վայրի հետ, որտեղ առաջին անգամ ի հայտ են եկել: Այս պահին «Օմիկրոնի» մասին շատ քիչ բան է հայտնի: Այն հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում: Բայց Օմիկրոնն արդեն ընդլայնել է աշխարհագրությունը. դեպքեր են գրանցվել Իսրայելում, Բելգիայում, Հոնկոնգում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ահազանգում է՝ կորոնավիրուսի այս շտամը բազմաթիվ մուտացիաների է ենթարկվել, որոնցից մի քանիսը մտահոգիչ են:

Գիտնականների այդ ուսումնասիրությունները հնարավոր է շաբաթներ տեւեն, իսկ տասնյակ պետությունների ղեկավարներ արդեն վախեցած են ու անհանգստացած. եւ հակահամաճարակային առաջին քայլը՝ սահմանափակում կամ ընդհանրապես դադարեցնում են ավիահաղորդակցությունը Աֆրիակայի հարավային երկրների հետ.
նման արգելքների մասին են հայտնել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, Ճապոնիան, Բրիազիլիան, Ավստրալիան, Իսրայելը ու մի շարք այլ երկրներ՝ չնայած առողջապահության համաշխարհային կազմակերպության հորդորին՝ չշտապել: Բայց շտապում են, որովհետեւ, օրինակ, Հարավաֆրիկյան Հանրապետությունից Նիդերլանդներ վերադարձած ավելի քան 6 տասնյակ մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ուսումնասիրվում է «օմիկրոն» շտամի առկայությունը: Կասկածելի դեպքեր կան նաեւ Գերմանիայում ու Չեխիայում:

Իսկ մինչ պարզվի՝ արդյոք Քովիդ-19 դեմ եղած պատվաստանյութերը կպաշտպանեն մարդկանց նոր շտամից, թե՝ ոչ, ամերիկյան դեղագործական Moderna ընկերությունը հայտարարել է` սկսել են աշխատել «օմիկրոնի» դեմ պատվաստանույթի ուղղությամբ:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում։