Հանրապետության հրապարակում մեկնարկել էր ազատագրական շարժման հերթական հանրահավաքը:
Արա Զոհրաբյանը ասաց, որ նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրությամբ արձանագրվել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծվում է սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողով ՌԴ խորհրդատվական օժանդակությամբ։ Ստորագրող կողմերը հիմնվել են 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության վրա, որի կետերն ի վնաս Հայաստանի խախտված են:
«Ադրբեջանական ուժերը չեն մնացել իրենց զբաղեցրած դիրքերում, առաջ են եկել, ներխուժել են ՀՀ տարածք, գերիներին չեն վերադարձրել, հիմա էլ առաջնագծում զոհեր ունենք։ Այս ամենը նշանակում է, որ մեր անվտանգության հարցը լուծված չէ, և մենք չգիտենք, թե ինչ է լինելու Արցախի կարգավիճակի հարցը, երբ սահմանազատման-սահմանագծման հարցը փորձի իրականացվել»,-ասաց Զոհրաբյանը, և հավելեց, որ Ազատագրական շարժման նպատակները չեն կարող իրագործվել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Այս փաստերից ելնելով՝ Ազատագրական շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականները։
Այս հայտարարությունը ներկաների կողմից ընդունվեց բացականչություններով և ծափահարություններով:
Նախաձեռնության մասնակիցներն արդեն մի քանի օր է՝ հանրահավաքներ և իրազեկման տարբեր ակցիաներ են իրականացնում՝ կոչ անելով հանրությանը միանալ իրենց պայքարին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին շարժման մասնակցիները 44 րոպեով փակվել էին Երևանի փողոցները՝ Արշակունյաց, Իսակով, Տիգրան Մեծի, Բաղրամյան պողոտաները, Հաղթանակ կամրջից դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոցը։ Այնուհետև նույն օրը ակցիայի մասնակիցները ժամը 14:00-ից նախ Կառավարության, ապա ՀՀ նախագահականի և ԱԺ ընդունարաններինէին հանձնել իրենց պահանջ-նամակները, ապա 17:00-ից հանրահավաք էին իրականացրել Հանրապետության հրապարակում։ Հաջորդ երկու օրերը ևս նույն պահանջով հանրահավաք էր տեղի ունեցել: