կարևոր
1729 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-27 16:15

ՄԻԵԴ-ը բավարարել է փաստաբանների դիմումը. ապահովել գերեվարված 4 հայ զինծառայողի հիմնարար իրավունքները

ՄԻԵԴ-ը բավարարել է փաստաբանների դիմումը. ապահովել գերեվարված 4 հայ զինծառայողի հիմնարար իրավունքները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանի կողմից գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի դիմումը:

Փաստաբանական բողոքով պահանջվում էր ապահովել նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված 4 հայ զինծառայողների հիմնարար իրավունքները։ 

Այս գործով ՄԻԵԴ էր դիմել փաստաբանական խումբը, իսկ մյուս ռազմագերիների գործով Եվրադատարան դիմումը ներկայացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը: Դիմումների նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։

«Ունենք տեսանյութեր, որտեղ երևում էին անձինք՝ Ադրբեջանի իրավազորության ներքո՝ հսկողության տակ: Կան բավարար ապացույցներ: 2-3 տասնյակ անձանց մասին է խոսքը: Հարազատների հետ ենք հանդիպել, նրանց հետ կապի մեջ ենք»,- հայտնել է Արտակ Զեյնալյանը «Լուրերի» հետ զրույցում: 

Հիշեցնենք, որ նոյոմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածքի: Պաշտպանության նախարարության հայտնած տվյալներով՝ ռազմական գործողությունների արդյունքում ՀՀ ԶՈՒ 13 զինծառայող գերեվարվել է։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում: Հայկական կողմն ունի 6 զոհ, ինչպես նաև 2 մարտական դիրքի կորուստ: