Երևանում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը: Նիստը վարում է Խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ներկա են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանը և այլք:
«Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի անվտանգության և պաշտպանության իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին, որից հետո անցել են օրակարգային հարցերի քննարկմանը»:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգի առաջին հարցը «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020թ. հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում թվով ինը պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված 52,703,114,113 ՀՀ դրամի նպատակային օգտագործման վերաբերյալ ուսումնասիրության զեկույցն է, որը չի ենթադրում փաստաթղթի հաստատում խորհրդի կողմից:
Խորհրդի անդամներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ալբերտ Պողոսյանը, Զավեն Խանջյանը, ինչպես նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդի նիստից առաջ ներկայացրել են իրենց գրավոր կարծիքները, որոնք կհնչեցվեն խորհրդի նիստում:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարություն էր տարածել, որում նշում էր, որ որոշում է կայացրել չմասնակցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին: «Հաշվի առնելով Ազգային Ժողովում այդ հարցով ստեղծված և այդ փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ գրություն եմ ուղարկել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ օրակարգի այդ հարցի քննարկումը հետաձգելու առաջարկով, որին արձագանք այդպես էլ չի եղել: Գրություն եմ ուղարկել նաև Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ կառավարության և պետական այլ մարմինների ներկայացուցիչներ չհանդիսացող անդամներին՝ նույն առաջարկով: Համահայկական հիմնադրամի նման ձևով աուդիտի հաստատումն անդառնալի վնաս կհասցնի այս խոշորագույն համահայկական կառույցի համբավին և հետագա գործունեությանը:»,– նշել էր Ռոբերտ Քոչարյանը: