կարևոր
604 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-26 23:46

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վիվա-ՄՏՍ-ն ու «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինհաշմանդամներին» բարեգործական-հասարակական կազմակերպությունը սկսում են համատեղ ծրագիր՝ 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորների մի մասին օրթեզավորելու համար: Գործընկերները նախապատվություն են տվել ծրագիրն իրականացնել ոչ թե ստատիկ, այլ ժամանակակից օրթեզներով: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ ձեռք է բերվել Գերմանիայի եւ Նիդերլանդների առաջատար ընկերությունների արտադրած 100 օրթեզ: Հայաստանում Օրթեզավորման աշխատանքներն իրականացվելու են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում:

Ողնուղեղային, գլխուղեղային, վերին եւ ստորին վերջույթների վնասվածքով զինվորների վերականգնողական բուժման ժամանակ հետվնասվածքային բարդությունները կանխելու համար հաճախ օրթեզավորման կարիք է լինում: Շատերը, չհարմարվելով ստատիկ օրթեզներին, նախընտրում են տեղաշարժվել անվասայլակով, ինչը, սակայն, կարող է առաջացնել երկրորդային առողջական բազմաթիվ խնդիրներ: Ի տարբերություն ստատիկ օրթեզների՝ ձեռք բերված ժամանակակից օրթեզները չեն սահմանափակում շարժումները, ծանր չեն, մեխանիկական հոդավորման ու ճիշտ կառուցվածքի շնորհիվ դինամիկ են եւ ֆունկցիոնալ: Քայլքի ժամանակ կարող են ճիշտ ֆիքսել հենումները եւ ապահովել ազատ տեղաշարժը: Ժամանակակից օրթեզները վիրավորում ստացած տղաներին հնարավորություն կտան կենցաղում լինել հնարավորինս ինքնուրույն, ֆիզիկապես առավել ինքնավստահ եւ էականորեն կբարձրացնեն նրանց կյանքի որակը:

Վիվա ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշում է՝ միայն բարձրորակ սարքերը բավարար չեն վիրավոր զինվորներին եւ զինհաշմանադամներին օգնելու համար, անհարաժեշտ է նաեւ հոգեբանական աջակցություն եւ հոգատար վերաբերմունք ցուցաբերել նրանց նկատմամբ:

Վիվա-ՄՏՍ-ի ու «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինհաշմանդամներին» բարեգործական-հասարակական կազմակերպության համատեղ օրթեզավորման ծրագիրն իրականացվելու է ամենատարբեր պրոֆիլի մասնագետների ներգրավմամբ, որպեսզի աշխատանքը որակապես բարձր լինի, լավ արդյունքն էլ՝ ապահովված:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում: