Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարները տարածել են համատեղ հայտարարություն.
«Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Գ. Ալիեւը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը, 2021 թվականի նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչիում եւ քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունը:
- Վերահաստատեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների խստորեն պահպանման ու հետեւողական իրականացման մեր հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման։ Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների հնարավորինս շուտ լուծմանը։
- Նշեցինք ռուսական խաղաղապահ զորախմբի կարեւոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ անվտանգության ապահովման գործում։
- Պայմանավորվեցինք քայլեր ձեռնարկել ադրբեջանա-հայկական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ կողմերի խնդրանքով Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ դրա հետագա սահմանագծմամբ:
- Բարձր գնահատեցինք Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործում, որը ստեղծվել է 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների եւ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի համատեղ նախագահությամբ։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ նախագծերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։
- Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ ևս կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման նպատակով»:
