կարևոր
1402 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-26 20:02

Մենք ունենք տարածքներ, որոնք օկուպացված են թշնամու կողմից, բայց օրենքում այդ բնակավայրերը հայկական են նշված․ Արթուր Մոսիյան

Մենք ունենք տարածքներ, որոնք օկուպացված են թշնամու կողմից, բայց օրենքում այդ բնակավայրերը հայկական են նշված․ Արթուր Մոսիյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը նոյեմբերի 25-ին  քննարկեց  և ընդունեց Արցախի բռնազավթված  համայնքների վերաբերյալ իրավական հստակեցում առաջարկող  ««Արցախի Հանրապետության  վարչատարածքային բաժանման  մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրինագիծը: Ինչո՞վ  է  պայմանավորված  այդ փոփոխությունների  անհրաժեշտությունը։

Հարցի վերաբերյալ «Ազատ Արցախ»-ին պարզաբանումներ է տվել  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական  հարցերի մշտական  հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը.

«Վարչատարածքային բաժանման մասին Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ մտցնելը պայմանավորված է առաջին հերթին հետպատերազմյան իրողություններով։ Դրանով ֆիքսվում են այն բնակավայրերը, որոնք ժամանակավորապես գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ: Օրենքի փոփոխությունների ծանոթագրության մեջ  մեկ աստղանիշով  նշված են այն բնակավայրերը, որոնք 1991-1994թթ․ պատերազմի հետևանքով  գտնվել են Ադրբեջանի հսկողության տակ, երկու աստղանիշով նշված են այն տարածքները, որոնք 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով են ժամանակավորապես անցել  Ադրբեջանի հսկողության տակ, իսկ  3, 4 աստղանիշով նշված են այն բնակավայրերը, որոնք պատերազմից հետո բնակեցված չեն և այլն: Օրենքի փոփոխությունը  ֆիքսում է կոնկրետ իրավիճակը․ մենք ունենք տարածքներ, որոնք ժամանակավորապես գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ:

Հանձնաժողովի նիստում ես բարձրացրեցի մի այլ հարց՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների մասին: Արտաքին քաղաքական իմաստով այդ տարածքների վերաբերյալ  օրենքն ավելի մեծ հնչեղություն ունի և ճիշտ կլինի դրա շուրջ քննարկումներ կազմակերպել՝ թե՛ գործադիրի և թե՛ օրենսդիրի կողմից:  Առաջարկեցի, որ ճիշտ կլիներ, որպեսզի  ներքին վարչատարածքային բաժանման այս նախագծին զուգահեռ՝  փաթեթի մեջ ներառվի նաև օկուպացված տարածքների մասին օրենքը։  Մենք ունենք տարածքներ, որոնք օկուպացված են թշնամու կողմից, բայց օրենքում այդ բնակավայրերը հայկական են նշված։ Եթե փոփոխություններ չկատարենք, մի շարք հարցեր կառաջանան:

Օրինակ՝  Քաշաթաղի շրջանի համայնքները եթե ըստ օրենքի մեր տարածքում են, ապա պարտավոր ենք ընտրություններ անցկացնել այնտեղ և այլն, ինչը հնարավոր չէ: Պետք է ֆիքսել  հետպատերազմյան իրողությունները և ավելացնել մի կետ, որ այս տարածքները ժամանակավորապես են գտնվում թշնամու հսկողության տակ: Առաջարկեցի՝  գործողության մեջ դնել օկուպացված տարածքների մասին օրենքը՝  եթե ոչ միասին, ապա գոնե հետո ընդունել՝ արտաքին քաղաքական իմաստով այն ավելի կարևորելով ներքին վարչատարածքային բաժանման մասին օրենքից»: