կարևոր
2365 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-26 17:33

Վերաքննիչը մերժեց Դատախազության և Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերաքննիչը մերժեց Դատախազության և Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի այսօր հրապարակեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ ներկայացված պաշտպանների և դատախազների բողոքների վերաբերյալ որոշումը։ 

Այսպիսով ուժի մեջ մնաց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով գործը կարճելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ 

Ապրիլի 6-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի՝ Քրեական Օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր

Այս որոշումից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս գործով դիմել է ՍԴ, իսկ դատախազները միջնորդություն են ներկայացրել՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին: Պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և այդ մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին։

Բացի այդ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նաև միջնորդություն էին ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը նվազեցնելու կամ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու մասին։