կարևոր
412 դիտում, 6 օր առաջ - 2021-11-26 15:27

Արցախի Հանրապետության ԱԺ-ն քննարկում է երկրի բյուջեն

Արցախի Հանրապետության ԱԺ-ն քննարկում է երկրի բյուջեն

Նոյեմբերի 26-ին «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին:

Նախագիծը լիազորված էր ներկայացնել ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ այն մշակվել է հաշվի առնելով համաճարակի և 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի բացասական հետևանքները, ինչպես նաև պետության առջև ծառացած մարտահրավերները:

«2022թ. Արցախի Հանրապետության գերխնդիրներ են հանդիսանալու բնակչության անվտանգության ապահովումը, կայուն տնտեսական աճ ապահովող և տնտեսության արագ զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացումը, մեր քաղաքացիների բարեկեցիկ կյանքով ապահովելու հնարավորությունների և կարողությունների ընդլայնումը, պետականաշինությունը և պաշտպանունակությունն ապահովող ինստիտուտների զարգացումը: 2021թ. մակրոտնտեսական ցուցանիշների զարգացումները թույլ են տալիս 2021թ. համար ակնկալել անկման տեպմերի ավելի փոքր չափ, քան ծրագրվել է 2021թ. պետական բյուջեի ներկայացման ժամանակ: Ըստ մեր կանխատեսումների 2021թ. համախառն ներքին արդյունքը կկազմի 236.5 մլրդ դրամ՝ հանգեցնելով շուրջ 17.3 % տնտեսական անկման»,- իր ելույթում նշել է ֆինանսների նախարարը:

2022թ. համար կանխատեսումային ՀՆԱ-ի ծավալը կկազմի 263.7 մլրդ դրամ, աճը կանխատեսվում է մոտ 8%: Գնաճի ցուցանիշը կանխատեսվել է 3%-ի սահմաններում՝ 1% տատանման թույլատրելի միջակայքում:

2022թ. պետական բյուջեի ցուցանիշները հետևյալն են. Եկամուտներ՝ 184 մլրդ 300 մլն դրամ, ծախսեր՝ 214 մլրդ 662,3 մլն դրամ: Դեֆիցիտը կկազմի 30 մլրդ 362,3 մլն դրամ, որը, ըստ նախագծի, կֆինանսավորվի փոխառու միջոցների հաշվին:

Պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 40.3 մլրդ դրամի չափով, որից հարկային եկամուտների և պետական տուրքերը կկազմեն 40 մլրդ դրամ կամ 2021թ. համար պլանավորված եկամուտներից շուրջ 2.4 անգամ և սպասվող եկամուտներից 33 % ավել: Բյուջետային վարկի չափը 2022թ. կկազմի 114 մլրդ դրամ կամ 2021թ. համար հաստատված ցուցանիշի համեմատ 79 մլրդ 219,3 մլն դրամով ավել: 2021թ. ՀՀ կողմից որպես բյուջետային վարկ լրացուցիչ տրամադրվել է 63.9 մլրդ դրամ և այսօրվա այն կազմում 128.7 մլրդ դրամ:

2022թ. պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 214 մլրդ 662.3 մլն դրամի չափով, որը 2021թ. հաստատված պետական բյուջեի ծախսերը գերազանցում է 66.2%-ով: 2022թ պետական բյուջեի հիմնական ծախսային գերակայությունները ըստ ոլորտների հետևյալն են՝ գյուղատնտեսություն՝ 6 մլրդ 139,7 մլն դրամ, տնտեսական զարգացման ծրագրեր՝ 366,8 մլն դրամ, Արցախի ներդրումային հիմնադրամ՝ 4․0 մլրդ դրամ, կապիտալ ներդրումներ՝ 34,5 մլրդ դրամ, սոցիալական պաշտպանություն՝ 52 մլրդ 564․2 մլն դրամ, առողջապահություն՝ 15 մլրդ 500,0 մլն դրամ, կրթություն՝ 17 մլրդ 264,1 մլն դրամ, մշակույթ, երիտասարդություն և սպորտ՝ 1 մլրդ 918,0 մլն դրամ, համայնքների բյուջեներ՝ 4մլրդ 090,7 մլն դրամ: ԱՀ բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար, «Էլեկտրաէներգիայի, գազաֆիկացման, կապի ծառայությունների սուբսիդավորում» ծրագրի ծախսերը կկազմեն 7 մլրդ 800,0 մլն դրամ / 2022թ․ հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը/:

Սոցիալական պաշտպանության ոլորտը բյուջեի ծախսային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժին ունեցող ոլորտն է, ընդհանուր ծախսերի մոտ 24.5 %: Դա բացատրվում է նրանով, որ 2022թ. հունվարի 1-ից նախատեսվում է 20%-ով բարձրացնել աշխատանքային, սոցիալական, սպայական, ինչպես նաև շարքային կազմի զինծառայողների կենսաթոշակների չափերը, պետական կենսաթոշակի նվազագույն չափը: Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական կենսաթոշակի չափը նախատեսվում է սահմանել 21500 դրամ՝ 18000 դրամի դիմաց, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին 10 տարվա համար նախատեսվում է սահմանել 1150 դրամ՝ 950 դրամի դիմաց, իսկ 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար 600 դրամ՝ 500 դրամի դիմաց: Միջին աշխատանքային կենսաթոշակի չափը կկազմի 56200 դրամ՝ 2021թ. 46800 դրամի դիմաց:

Ծնելիությունը խթանելու և բազմազավակ ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով 2022թ. հունվարի 1-ից հետո ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնողին կնշանակվի և մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը կվճարվի դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամի չափով:

Հանրակրթական դպրոցների ծախսերի իրականացմանն ուղղվելու է 10 մլրդ 764.8 մլն դրամ, որը 2021թ. համապատասխան ցուցանիշի համեմատ ավել է 1 մլրդ 335.8 մլն դրամով: Այն պայմանավորված է գյուղական համայքներում երկարօրյա դպրոցների ներդրմամբ, Ստեփանակերտ քաղաքում Շիրակացու ճեմարան միջազգային գիտակրթական համալիրի բացմամբ, 2022թ. հունվարի 1-ից աշխատավարձերի բարձրացմամբ: Մանկավարժական, վարչական անձնակազմի աշխատավարձերը նախատեսվում է բարձրացնել 25 %-ով:

Մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտի ծախսերին նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 918 մլն դրամ:

Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ բյուջեն կարելի է անվանել սոցիալական ուղղվածություն ունեցող ոչ միայն ծախսերի ակնհայտ կշռի, այլև հասարակության մշտապես արտահայտվող պահանջներին ականջալուր լինելու և դրանք հետևողականորեն կյանքի կոչելու, ինչպես նաև պատերազմական գործողությունների և համավարակի հետևանքներով ի հայտ եկած հիմնախնդիրների լուծման տեսակետից:

Նոյեմբերի 26-ից մեկնարկում է բյուջեի նախագծի հանձնաժողովներում և խմբակցություններում քննարկումը: