Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում ընթանում է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստը:
Մեղադրող դատախազի կողմից Մանուկյանին առաջադրված մեղադրանքի ընթերցումին ի պատասխան դահլիճում գտնվողները վանկարկեցին՝ «ամոթ»։ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
«Ես իմ 33 տարվա խոսքերից ոչ մեկից չեմ հրաժարվում, այդ թվում նաեւ՝ այս խոսքերից։ Նպատակահարմար չեմ գնում մեկնաբանել իմ ասածները։ Երկու կողմի իրավաբանները թող իրար հետ վիճեն, առայժմ ես միայն կդիտեմ, տեսնեմ՝ ոնց են համոզում, որ դա քրեորեն պատժելի է։ Ես մեղադրանքը չեմ ընդունում, ոչ մի խոսքից չեմ հրաժարվում»։
Այսօրվա նիստին ավարտվեց գործում առկա ապացույցների՝ փաստաթղթային մասի հետազոտումը։ Ինչպես նախաքաննության փուլում, այնպես էլ դատարանում Վազգեն Մանուկյանը հրաժարվեց ցուցմունք տալ։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 7-ին։
Հիշեցնենք, որ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, և որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Նշենք, նաև 2021թ. մարտի 9-ին Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ արված հայտարարությունների հիման վրա:
Փաստաբանի կարծիքով՝ Վազգեն Մանուկյանի հայտարարությունները քննարկելիս՝ պետք է հիշել նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք, ըստ նրա, ուղեկցվում էին ատելության խոսքով եւ մուրճի օգտագործմամբ:
Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։