Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում այսօր մեկնարկել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստը:
Հիշեցնենք, որ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, և որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Նշենք, նաև 2021թ. մարտի 9-ին Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ արված հայտարարությունների հիման վրա:
Փաստաբանի կարծիքով՝ Վազգեն Մանուկյանի հայտարարությունները քննարկելիս՝ պետք է հիշել նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք, ըստ նրա, ուղեկցվում էին ատելության խոսքով եւ մուրճի օգտագործմամբ:
Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։