կարևոր
475 դիտում, 1 օր առաջ - 2021-11-26 09:05

Ադրբեջանի սադրանքը Սալոնիկում շարունակվում է. ՀՅԴ Հունաստանի երիտասարդականի պատասխանը

Ադրբեջանի սադրանքը Սալոնիկում շարունակվում է. ՀՅԴ Հունաստանի երիտասարդականի պատասխանը

Ադրբեջանի սադրանքը Սալոնիկում շարունակվում է: Երկու օր առաջ քաղաքային ավտոբուսների վրա սադրիչ «գովազդ» էր։ Այսօր նույն քաղաքի ավտոբուսի կանգառներում ադրբեջանցիները նույն գովազդ են փակցրել: Հայտնում է ՀՅԴ Հայ դատի Հունաստանի գրասենյակը: 

Ի պատասխան այս սադրանքի՝ ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միության անդամները «Հայաստանն ուժեղ է, Արցախն ուժեղ է» գրառմամբ, Արցախը խորհրդանշող Տատիկ-պապիկ՝ Մենք ենք մեր սարերը հուշակոթողի պատկերով թռուցիկներ են փակցրել և ամբողջությամբ փակել ադրբեջանական գովազդը:

«Ադրբեջանական քարոզչությունը սադրիչ «գովազդներով» շարունակում է նսեմացնել Սալոնիկ քաղաքը։ Պահանջում ենք անհապաղ դադարեցնել այս խղճուկ քարոզչությունը: Բայց մինչ այդ մենք ստանձնում ենք մարտահրավերը: 

Հունաստանի «ադրբեջանական բարեկամության» պարոնայք, Հունաստանի հայ երիտասարդությունը միշտ ձեր առջև է լինելու։

Մենք երբեք թույլ չենք տա, որ հայ ժողովրդի պատմությունը արատավորվի նման անընդունելի ու տխրահռչակ գործողություններով։ Սփյուռքի հայության հոգեբանությունը ոչ ոք չի խաթարի: Մենք հպարտ ժողովուրդ ենք աշխարհի բոլոր անկյուններում, և կպահանջենք այն, ինչ իրավամբ պատկանում է Հայաստանին և Արցախին»,- հայտարարել է ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միությունը: 

Ինչպես հայտել էինք մի քանի օր առաջ Սալոնիկի քաղաքային ավտոբուսների վրա փակցվել է հայկական պատմական Շուշի քաղաքի պատկերով գովազդ «Շուշին Ադրբեջան է» գրառմամբ։ Գովազդները հանվեցին Հայաստանի դեսպանության, ներհամայնքային կառույցների, Հունահայկական առևտրի պալատի և ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախմբի ջանքերով: Այսօր դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնում այն բոլոր կառույցներին եւ անհատներին, որոնք նպաստեցին Սալոնիկ քաղաքում ադրբեջանական սադրանքի չեզոքացմանը երկու օր առաջ։

Դեսպանությունը նաեւ տեղեկացված է, որ այսօր նմանատիպ քարոզչական սադրանք է հրահրվել նույն ուժերի կողմից նույն քաղաքի ավտոբուսային կանգառներից մեկում, ինչն անհապաղ հեռացնելու նպատակով ձեռնարկվում են բոլոր քայլերը։ ՀՀ դեսպանությունը դատապարտում է Հունաստանում ադրբեջանական կազմակերպությունների էժանագին եւ անհեռանկարային քարոզչական սադրանքները»։