Կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման կամ 14 օրը մեկ թեստավորման մասին առողջապահության նախարարի հրամանը իրավունքի հետ որեւէ աղերս չունի եւ հակասում է Սահմանադրությանը: Ահա այս դիրքորոշումն է Սահմանադրական դատարանում «Հայաստան» խմբակցության դիմումի քննության ընթացքում հայտնել իրավապաշտպան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Սահմանադրական դատարանը քննել է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների մասին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի՝ Սահմանադրության վերաբերյալ «Հայաստան» խմբակցության դիմումը:
Անդրադառնալով ՍԴ նիստին առողջապահության նախարարի ներկա չգտնվելու հանգամանքին՝ Վարդեւանյանը նշել է, որ նախարարը պարտավոր էր ներկա գտնվել նիստին, խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն մարմնի առջեւ հաշվետու լինելուն:
Վարդեւանյանը նաեւ ընդգծել է՝ պատվաստումները միակ միջոցն են համավարակը հաղթահարելու համար եւ մատնանշել է՝ բարձր ամբիոնից հստակ արձանագրվել է՝ իրականում որն է հակապատվաստումային քարոզը, որն արտահայտվել է այս իշխանությունների վարքագծի մեջ:
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հարց է ուղղել ԱԺ ներկայացուցիչ Մերի Մոսինյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպես է վերջինս ընկալում նորմը, որով սահմանվում է անձանց շրջանակ, որոնք չեն ենթարկվել նախնական պարբերական բժշկական զննության, ինչպես նաեւ, եթե ախտորոշվել է կառավարության կողմից սահմանված հիվանդություններից մեկը, ապա տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման մարմնի որոշմամբ մինչեւ սահմանված կարգով բժշկական զննության ենթարկվելը կամ առողջանալը, թույլ չեն տալիս աշխատել:
ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանն էլ նկատել է՝ ըստ ՍԴ ներկայացված փաստաթղթի՝ Մոսինյանին, որպես ԱԺ ներկայացուցիչ, լիազորագիր տրվել է երեկ, ուստի դատավորը հետաքրքրվել է՝ արդյոք Մոսինյանն ավելի վաղ ծանոթացել էր գործի նյութերին, թե միայն երեկ է հասցրել ծանոթանալ, ինչին ի պատասխան ԱԺ ներկայացուցիչն ասել է, որ նյութերին ծանոթացել է երեկ մինչեւ ուշ գիշեր:
Մանրամասները՝ Թերեզա Հովհաննիսյանի տեսանյութում: