կարևոր
1069 դիտում, 1 օր առաջ - 2021-11-25 22:04

11 գերեվարվածի համար ձերբակալվել է գումարտակի հրամանատարը

11 գերեվարվածի համար ձերբակալվել է գումարտակի հրամանատարը

Նոյեմբերի 16-ին Հայաստանի  ԶՈՒ մարտական դիրքի կորստի եւ զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 16-ին Ջերմուկի տեղամասում թշնամին անակնկալ հարձակվել է ՀՀ ԶՈՒ դիրքի անձնակազմի վրա, սակայն վերջինիս հարձակումը ժամանակին հայտնաբերելուն կամ դրան դիմակայելուն ուղղված համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:

Ձերբակալվել են ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի մեկ պայմանագրային զինծառայող եւ նույն զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը: Վերջինը պատասխանատու լինելով գումարտակի մարտական պատրաստության եւ նրա կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման համար՝ չի ապահովել մարտական հերթապահությունում ընդգրկված ուժերի կողմից առաջադրված մարտական խնդիրների, մասնավորապես, հակառակորդի մոտեցող ուժերին զենքի կիրառմամբ դիմադրություն ցույց տալու արդյունավետ կատարումը:

Գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը եւս 7 զինծառայողի հետ դիմել է փախուստի, հենակետում գտնվող 11 զինծառայող գերեվարվել է, զինծառայողներից 2-ի սպանված դիերը նոյեմբերի 17-ին եւ 19-ին փոխանցվել են հայկական կողմին, իսկ մարտական դիրքն անցել է թշնամու վերահսկողության տակ:

Ի դեպ, սա Փաշինյանի հայտարարությունից հետո առաջին անգամ է, երբ գերեվարման դեպքից հետո Դատախազությունը քրեական գործ է հարուցում, մեղադրանք առաջադրում զորամասի հրամանատարին։