Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը եւս Pegasus-ով գաղտնալսվելու մասին նամակ է ստացել, սակայն վստահ է՝ աղմուկ հանած գաղտնալսումները մեր երկրի իշխանությունների հետ առնչություն չունեն: Խաչատրյանի խոսքով՝ այդպիսի խնդիր միայն Հայաստանում չէ, որ առաջացել է:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խոսքին հակադարձում է Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, հավաստիացնելով՝ առանց պետության թույլտվության հնարավոր չէ այդ ծրագիրը կիրառել տվյալ երկրում:
Պեգասուսը լրտեսող ծրագիր է, որն առանց օգտատիրոջ իմացության կարող է ներբեռնվել բջջային հեռախոսների եւ այլ սարքերի վրա՝ հասանելիություն ստանալ նամակագրությանը, լուսանկարներին ու տեսանյութերին, կարող է ակտիվացնել տեսախցիկը եւ խոսափողն առանց սեփականատերերի իմացության: Ծրագիրն իսրայելական է, միջազգային մի շարք լրատվամիջոցների տեղեկություններով Իսրայելն իր լրտեսական ծրագիրը տրամադրել է այն երկրներին, որոնց հետ ունի բացահայտ ու գաղտնի հարաբերություններ: Այդ երկրների կառավարությունները լրտեսել են լրագրողներին, ընդդիմությանը եւ այլախոհներին: Ըստ մեդիափորձագետ Արթուր Պապյանի՝ այս պահին սովորական քաղաքացիները Պեգասաուս ծրագրի թիրախում չեն, ծրագիրն այնքան թակարժեք է, որ ներբեռնվում է միայն այն օգտատերի հեռախոսում ումից կարելի է արժեքավոր տեղեկություն ստանալ:
Հեռախոսում անտեսանելի ու աներեւույթ լրտեսի առկայության մասին նաեւ Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն է ահազանգել:
Ավելի վաղ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Փաշինյանը 7 մլն դոլար արժողությամբ Pegasus համակարգ է ձեռք բերել: Խաչատրյանն այս մասին տեղեկություն չունի, իսկ նախարարությունում ծրագիրը չեն ուսումնասիրում, քանի որ, ըստ նրա, անհրաժեշտություն չկա:
Լրտեսական ծրագրով գաղտնալսման մասին ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին գրավոր հարցում է ուղարկել Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Իսկ մինչ գերատեսչության պաշտոնական պատասխանը՝ անտեսանելի ու աներերեւույթ լրտեսը թիրախավորել է մեր քաղաքացիների այֆոնները, իսկ թե ու՞մ պատվերով է գործում եւ ի՞նչ շահ է հետապնդում՝ դեռեւս անհայտ է:
Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում: