կարևոր
1468 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-25 20:14

«Հայաստան» խմբակցության լսումները՝ սահմանազատման և սահմանագծման հարցերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը պնդում է, որ Ադրբեջանի հետ սահմաններ գծելով՝ Հայաստանը մեկընդմիշտ գիծ է քաշում Արցախի հարցի վրա, Ադրբեջանի պահանջն էլ հենց դա է, միայն միջանցքով չի սահմանափակվում: Աբրահամյանը սահմանազատումն անհնար է համարում ներկա իրավիճակում, երբ թշնամին մեր տարածքում է, իսկ հապճեպ պայմանավորվածությունների գալը, նշանակում է, որ մի կողմը պատրաստ է մեծ զիջումների գնալ:

Տրանսպորտի ու կապի նախկին նախարար Քոչինյանն ասում է, որ Հայաստանում ադրբեջանական տարածքներ չկան: Ադրբեջանական տարածքների մասին իշխանականների պնդումներին էլ հռետորական հարցով է պատասխանում. երբ 60-ականների սկզբին Հայաստանում որոշվեց կառուցել Գորիս-Կապան ճանապարհը, այդ ժամանակվա ղեկավարությունը չգիտե՞ր Հայաստանի սահմանը:

Սահմանազատման ու սահմանագծման հարցերով խորհրդարանական լսումներ էր նախաձեռնել «Հայաստան» խմբակցությունը:

«Սահմանների ճշգրտման գործընթացի հիմքում պետք է լինեն մարդու իրավունքները, պետությունների շահերը, ուժի սպառնալիքի բացառումը». ասված էր լսումների հայտարարության նախագծում, մինչդեռ, ըստ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի, մեր իշխանություններն անհասկանալի է՝ ում շահերն են սպասարկում՝ թուրք-ադրբեջանական պահանջները կատարելով:

««Հայաստան» խմբակցությունը դեմ չէ խաղաղությանը, բայց դա չպետք է լինի Հայաստանի շահերի հաշվին»,-պնդում է Օհանյանը:

«Որեւէ պաշտոնյա չի կարող իր գրավոր կամ բանավոր համաձայնությամբ փոխել մեր երկրի սահմանը: Նման փոփոխության միակ ճանապարհը հանրաքվեն է». ասված է հայտարարության մեջ:

Լսումների մասնակիցներից ոմանք կոչ արեցին չսահմանափակվել հայտարարություններով, դուրս գալ փողոց պայքարի՝ հիշեցնելով՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը մեկ օր է մնացել:

Կարին Տոնոյանն էլ ընդդիմությանը հիշեցրեց, որ խորհրդարանում քննարկված վերջին հայտարարությունը Արցախի հարցով չընդունվեց իշխանության պատճառով, ու այդ մտավախությամբ հորդորեց հերթական հայտարարության տեքստից հանել քաղաքական ընդդիմադիր բովանդակությունը:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: