կարևոր
451 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-25 14:01

Նախախարն էլ է Pegasus-ի մասին նամակ ստացել

Նախախարն էլ է Pegasus-ի մասին նամակ ստացել

Իմ հեռախոսին էլ է այդպիսի հաղորդագրություն եկել երկու օր առաջ։ Ես կարծում եմ՝ ձեր ծանոթներին, որ հարցնեք, կպարզվի, որ էլի եկել է, և դա նշանակում է, որ դա Հայաստանի իշխանությունների հետ առնչություն չունի: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը

Նրա խոսքով՝ այդպիսի խնդիր միայն Հայաստանում չէ, որ առաջացել է, «շատ երկրների և շատ երկրների ղեկավարների համար է այդպիսի խնդիր առաջացել»։

«Apple-ի նման ընկերությունը, որն ավելի ուշադիր է իր սպառողների, հեռախոսներից օգտվողների նկատմամբ, այդպիսի զգուշացումներ է գրում, մենք էլ արել ենք իրենց ցուցումները․ գաղտնաբառերը փոխել ենք, նոր սիստեմի ենք անցել։ Մնացած բոլոր մեկնաբանությունները, ով որ անում է և ենթադրություններ է անում, թե դա ում կողմից է արվել, խնդրում եմ, իրեն դիմեք, որովհետև այն, ինչը որ կատարվել է կոնկրետ ինձ հետ՝ որպես քաղաքացի և իմ շրջապատի հետ, մենք դա գնահատել ենք որպես հարձակում կամ Հայաստանի Հանրապետության տվյալ դեպքում՝ առանձին քաղաքացիների, միգուցե նաև պետական կառույցների անվտանգությանն ուղղված քայլեր», - հայտարարեց Խաչատրյանը։

Նա նշեց նաև, որ տեղեկություններ չունի՝ պետությունը ձեռք բերե՞լ է արդյոք Pegasus լրտեսող ծրագիրը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն էլ նշված ծրագրի հետ կապված՝ ԱԱԾ-ի հետ չի գործակցում, նախարարությունում ծրագիրը չեն ուսումնասիրում, «անհրաժեշտություն չկա»։

 Հիշեցնենք, որ երեկ նամակի մասին հայտարարեց Արթուր Վանեցյանը՝ կոչ անելով Նիկոլ Փաշինյանին վախենալ ոչ թե իրենից, այլ Հայրենիքի և հայ ժողովրդի գլխին բերածդ արհավիրքների հետևանքներից։ Ավելի ուշ Apple-ից ստացված նախազգուշական նամակի մասին հայտարարեց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը:

Հավելենք, որ այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը գրավոր հարցում է ուղարկել Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանին՝ ճշտելու մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որ ՀՀ քաղաքացիները ենթարկվում են Pegasus լրտեսական ծրագրով գաղտնալսման: Հիշեցնենք, որ երեկ մի քանի հայաստանցի Apple-ից նախազգուշացնող նամակ են ստացել, որ իրենց գաղտնալսում են։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Apple-ը դատի է տվել իսրայելական ընկերությանը՝ Pegasus ծրագրով գաղտնալսում իրականացնելու համար: