կարևոր
280 դիտում, 1 օր առաջ - 2021-11-25 14:00

Պատասխանող կողմի լիազորագիրը թերի է ուղարկվել ՍԴ

Պատասխանող կողմի լիազորագիրը թերի է ուղարկվել ՍԴ

Սահմանադրական դատարանում  սեփական միջոցներով  թեստ հանձնելու կամ պատվաստվելու վերաբերյալ առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականության հարցի քննարկմանը՝ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը ասաց, որ որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ Մերի Մոսինյանի լիազորագիրը թերի է՝ ամիս, ամսաթիվ նշված չէ վրան:

Դատավոր Պետրոսյանն օրինակի  համար նշեց, որ առողջապահության նախարարի լիազորագրի վրա ամսաթիվ կա՝ այս օրով է դրված, իսկ ՍԴ-ն երեկ ստացել է ԱԺ նախագահին փոխարինող նշանակված ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գրությունը, որով Մերի Մոսինյանը նշանակվել է՝ որպես ԱԺ ներկայացուցիչ, սակայն այդ  գրության վրա ամսաթիվ, համար չկա:

ԱԺ ներկայացուցիչն ասաց, որ լիազորագիրը տված է՝ երեկ՝ ԱԺ փոխնախագահի կողմից, քանի որ էլեկտրոնային եղանակով է ուղարկվել, կարծում էր՝ պետք է դիտարվի երեկվա ամսաթիվը։

ՍԴ դատավոր՝ Ա. Պետրոսյանը նշեց, որ Առողջապահության նախարարի կողմից տրված լիազորագիրն էլ էլեկտրոնային տարբերակով է, բայց ամիս, ամսաթիվ կա նշված:

«Կարծում եմ՝ ուղղակի վրիպակ է, կարող ենք շտկել»,- ասաց ԱԺ ներկայացուցիչը:

ՍԴ Դատավոր Երվանդ Խունդկարյանը նշեց, որ այս հարցը  չէր առաջանա, եթե ստորագրած չլիներ ժամանակավոր պաշտոնակատարի կողմից. «Քանի որ ժամանակավոր պաշտոնակատարն է ստորագրել, ուստի պետք է համոզվենք, որ արդյոք տրվել է հենց իր լիազորությունների ժամանակահատվածում, թե՞ ոչ: Աշխատեք վարքագիծ դարձնել, այս գրությունը լիազորագիր է, այն պետք է պարունակի նաև տրման ժամկետ»։