կարևոր
478 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-25 13:44

Առանց պետության գիտության՝ Pegasus-ը չի կարող գործարկվել. Վանեցյան

Առանց պետության գիտության՝ Pegasus-ը չի կարող գործարկվել. Վանեցյան

«Դեռ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին միջազգային որակավորում ունեցող տեղեկատվական անվտանգության մասնագետներն իրականացրել են իր հեռախոսի զննումը, փորձաքննություն, որի արդյունքում հայտնաբերել են անհերքելի փաստեր, որ իր հեռախոսում տեղադրված է հենց այդ ծրագիրը: Ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ իմ հեռախոսը վարակված է  Pegasus ծրագրով»,- այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը մանրամասնեց, որ Pegasus ծրագիրը Հայաստանի հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո չէ: NSO Group-ն այն չի վաճառում հատուկ ծառայություններին իրենց գործառույթներն իրականացնելու համար, այլ այդ ընկերությունը որոշակի գումարի՝ 7-10 մլն դոլարի մասին է խոսքը, դիմաց բաժանորդագրվում են այդ ծրագրին։ Այդպիսով նրանք հնարավորություն են տալիս այդ ընկերությանը, առանց խոչընդոտի մուտք գործել Հայաստանի բջջային օպերատորների համակարգ ու վարակել ցանկացածի հեռախոս։ Բայց այդ տվյալները ոչ թե ստացվում ու պահպանվում են Հայաստանի իրավապահ համակարգի բազաներում, այլ դրանք գնում են NSO Group-ի կենտրոնական գրասենյակ, որից հետո այն տրամադրում է դրանք պատվիրատուին։

«Ըստ NSO Group-ի հայտարարության, նրանք համագործակցում են բացառապես պետության հետ։ Եթե պետությունը թույլ չտա մուտք գործել Հայաստանի բջջային օպերատորների համակարգ, հնարավոր չէ այդ ծրագիրը կիրառվի մեր երկրում»,-մանրամասնեց նա։

«Pegasus ծրագրի կիրառման համար դատարանի որոշում չի կարող լինել, քանի որ այն ՀՀ իրավապահ համակարգի սեփականությունը չէ։ Ստացվում է, որ այս ամբողջ գործընթացն անօրինական է»,-ընդգծեց Արթուր Վանեցյանը։

 Հիշեցնենք, որ երեկ նամակի մասին հայտարարեց Արթուր Վանեցյանը՝ կոչ անելով Նիկոլ Փաշինյանին վախենալ ոչ թե իրենից, այլ Հայրենիքի և հայ ժողովրդի գլխին բերածդ արհավիրքների հետևանքներից։ Ավելի ուշ Apple-ից ստացված նախազգուշական նամակի մասին հայտարարեց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը:

Հավելենք, որ այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը գրավոր հարցում է ուղարկել Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանին՝ ճշտելու մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որ ՀՀ քաղաքացիները ենթարկվում են Pegasus լրտեսական ծրագրով գաղտնալսման: Հիշեցնենք, որ երեկ մի քանի հայաստանցի Apple-ից նախազգուշացնող նամակ են ստացել, որ իրենց գաղտնալսում են։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Apple-ը դատի է տվել իսրայելական ընկերությանը՝ Pegasus ծրագրով գաղտնալսում իրականացնելու համար: