կարևոր
2026 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-25 13:36

Պատվաստումային քաղաքականության վրա նախարարի հրամանը բացասական հետեւանք է առաջացրել. Արամ Վարդեւանյան

Պատվաստումային քաղաքականության վրա նախարարի հրամանը բացասական հետեւանք է առաջացրել. Արամ Վարդեւանյան

Սահմանադրական դատարանում այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների հրամանի սահմանադրականության հարցով դիմող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը ներկայացրեց իր բացատրությունները։

Նա նշեց, որ այսօրվա քննության առարկան վերաբերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, որը միաժամանակ նաեւ պարունակում է իրավունքի տեսությունից եկող մի քանի կոլիզիոն իրավիճակներ. «Թե արդյոք կարո՞ղ է ամենակարեւոր հարցի պայմաններում որոշում կայացվի Սահմանադրության հստակ սահմանված կարգը խախտել. կարծում եմ՝ հենց նաեւ այս հարցին էլ ենք ստանալու պատասխան այդ գործի շրջանակներում։ Կարծում եմ՝ բարձր դատարանն ուներ օբյեկտիվ բոլոր հնարավորությունները շատ ավելի սեղմ ժամկետներում նշանակել այս նիստը։ Մենք ներկայացրել էինք դիմումը սեպտեմբերի 24-ին այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենայինք մոտ 400 հազար մարդու վրա ազդեցությունը որոշակիորեն կասեցնել եւ պարզել՝ արդյոք այս ճանապարհը սահմանադրակա՞ն է։ Ես կարծում եմ՝ իրավունքի սահմանադրականության հետ աղերս չունեցող հրաման է»:

Արամ Վարդեւանյանն ընդգծեց՝ ինքն ու իր հարազատները պատվաստված են, եւ դեմ չեն պատվաստմանը. «Իշխանական քարոզչամեքենայի տրամաբանությունն այն է, որ այս հարցը ներկայացնելով ՍԴ, հակապատվաստումային քարոզ է կատարում։ Տրամաբանության հետ նույնիսկ առնչություն չունեցող միտք, բայց սա է իրականությունը»։

Ըստ Վարդեւանյանի՝ ինչպե՞ս է ստացվել, որ Առողջապահության նախարարը ենթադրել է, որ ինքը կարող է իր հրամանով նախատեսել պարտականություններ ՀՀ բոլոր աշխատողների համար, բոլոր գործատուների համար. «Որոշել է, եթե այդ կարգավորումներին համապատասխան չգնաք ու չպատվաստվեք, կգնաք ձեր միջոցների հաշվին կթեստավորվեք ու կներկայացնեք գործատուին, գործատուն էլ դա պետք է հաշվառի. իսկապե՞ս»։

Վարդեւանյանի կարծիքով՝ պատվաստումային քաղաքականության վրա այդ հրամանը բացասական հետեւանք առաջացրեց։

Վարդեւանյանը պնդեց, որ Հայաստանում առկա ֆինանսական պայմաններում 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտումն աշխատողի հաշվին դնելը, կամ նման պարտականություններն ուղղակիորեն հրամանի մակարդակով գործատուների վրա դնելը  չի համապատասխանում Սահմանադրության 39-րդ հոդվածին, 57-րդ հոդվածին. «Որովհետեւ աշխատանքային իրավահարաբերությունների մեջ միջամտություն է կատարվում կրկին մի հրամանի զուտ պայմաններում»։

Նա նկատեց, որ սեփականության իրավունքի տեսանկյունից նույնպես խնդիր է առաջացնում, որովհետեւ ՊՇՌ հետազոտություն չանելու այլընտրանքը աշխատանքից ազատվելն է:

Հիշեցնենք, որ ՍԴ-ում քննվում է Առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականության հարցը: