կարևոր
607 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-25 12:15

Թուրք-ադրբեջանական նախապայմաններն անընդունելի են, իսկ իշխանությունները կատարում են այդ թելադրանքը. Սեյրան Օհանյան

Թուրք-ադրբեջանական նախապայմաններն անընդունելի են, իսկ իշխանությունները կատարում են այդ թելադրանքը. Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցությունը հրավիրել է խորհրդարանական լսումներ «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ։ Լսումներին մասնակցում են քաղաքական, հասարակական գործիչներ, փորձագետներ, պատգամավորներ։

«Թուրք-ադրբեջանական տանդեմը, մինչև պատերազմը, օգտագործելով որոշ հիբրիդային էլեմենտներ, այնուհետև 44-օրյա պատերազմի ընթացքում բացահայտ խախտելով զինված հակամարտության օրենքները և միջազգային մարդասիրական նորմերը, լայնամասշտաբ հարձակողական գործողություններով օկուպացնելով Արցախի Հադրութի, Շուշիի, մասամբ Մարտունիի, Մարտակերտի և Ասկերանի շրջանները, փաստացի տիրացել է Արցախի մեծ մասին և ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք, ամրանում է իր համար շահավետ դիրքերում»,- այսօր՝ խորհրդարանական լսումների ժամանակ, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ավելին՝ չի փոխել իր հռետորաբանությունն ու հայատյացությունը և սողացող պատերազմի սկզբունքներով, տարածքներ պոկելու մեթոդնով GPS-ներով միակողմանի սահմանազատում և սահմանագծում է իրականացնում, հատկապես Սյունիքում՝ ճանապարհների ապաշրջափակման անվան տակ «Զանգեզուրի միջանցք»-ի ձևավորման համար»,- ընդգծեց Օհանյանը։

Նա նշեց, որ ավելի փխրուն է դարձել անվտանգային միջավայրը և ահագնացող սպառնալիքները ստիպում են իրավիճակին համարժեք պատասխանել։ Լսումների նպատակը, ըստ Օհանյանի, ներկաների հետ միասին վեր հանել բոլոր հիմնախնդիրները, որոնք կապված են առանց համապատասխան պայմանների սահմանների ճշտման գործընթացի հետ։

«Ըստ դելիմիտացիայի և դեմարկացիայի միջազգային փորձի, դրանց լեգիտիմության կարևոր չափանիշներն են միջազգային օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և բոլոր սահմանների անխախտելիությունը, որը կարող է միայն փոխվել խաղաղ ճանապարհով՝ կողմերի համաձայնությամբ։ Անհրաժեշտ է, որ հակառակորդ պետությունները դառնան խաղաղ պայմաններում ապրելու պատրաստ պետություններ, մանավանդ ունենալով պատշաճ մակարդակի դիվանագիտական հարաբերություններ ու փոխվստահություն, և այդ գործընթացը պետք է իրականացնի հատուկ հանձնաժողովը»։

Օհանյանը նշեց, պետությունը պետք է իմանա ի՞նչ է ուզում, ինչպիսի՞ նախադրյալներ կան և որո՞նք են առաջնահերթությունները։ Այժմ գործընթացը իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ չկան։

Երբ դեռ չեն վերացել պատերազմի սպիները, Ադրբեջանը էլեկտրոնային քարտեզներով իրականացնում է միակողմանի սահմանազատում և սահմանագծում՝ հատկապես Սյունիքում ճանապարհների շրջափակման անվան տակ, «Զանգեզուրի միջանցքի» համար։ Միաժամանակ չեն վերադարձվել գերիները, շարունակում են գերեվարել հայ զինծառայողներին, տեղեկություններ չկան անհետ կորած զինծառայողների մասին։

«Այս պայմաններում Ադրբեջանն իր պահանջներն է ներկայացնում ՀՀ պարտված իշխանություններին»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունը՝ պարտության տանելով հայկական երկու պետությանը, չի գիտակցել, որ սահմանազատում պետք է իրականացնի, անտեսել են աշխարհագրական առավելությունները։

«Արցախը Հայաստանին միացնող կարևոր ռազմավարական տարածքները, սահմանային կետերը, ճանապարհները հանձնեցին հակառակորդին՝ սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիներին գցելով Ադրբեջանի կողմից մեզ վրա ուղղված ճնշումների ճիրաններին, ոչ մի քայլ չձեռնարկելով պաշտպանության, ինժեներական կառույցների արագ ձևավորման և հակառակորդի հիմնական նպատակի՝ միջանցքի բացման դեմ, կամ գուցե գիտակցելով, բանավոր համաձայնություններով, չիրականացրեցին արագ կահավորման գործընթացները և երկիրը կանգնեց այսօրվա աղետի առջև»։

Օհանյանը հավելեց, որ Ադրբեջանի տիրապետության տակ են հայտնվել կարևոր ռազմավարական բարձունքներ ու ջրային ռեսուրսներ, իսկ իշխանությունը խաղաղության դարաշրջանի կեղծ օրակարգ է ձևավորում։

«Պետք է բացառել Արցախի ներառումը Ադրբեջանի կազմում։ Մենք կողմ ենք տարածաշրջանում կոմունիկացիաների բացմանը և գործարկմանը, սակայն ոչ ի հաշիվ մեր երկրի անվտանգության և ինքնիշխանության։ Թուրք-ադրբեջանական նախապայմաններն անընդունելի են, իսկ այսօր տեսնում ենք, որ իշխանությունները կատարում են այդ թելադրանքը։ Սահմանում համապատասխան ծառայություն չիրականացնելով մեծ ոգևորությամբ են խոսում այլընտրանքային ճանապարհների մասին՝ չհասկանալով, որ հետագայում այլընտրանքային գյուղեր են կառուցելու, չգիտեմ հետագայում այլընտրանքային Երևանը որտե՞ղ է լինելու»,- եզրափակեց Օհանյանը։

Նա հիշեցրեց «Հայաստան» դաշինքի կարգախոսը՝ «Ոչ Հայաստանի թուրքացմանը, Արցախի հայաթափմանը», ասաց, որ ազգային դիմադրության շարժմանը նոր մարդիկ են միանում։ «Այս ամենի արդյունքում ժողովրդի հետ պետք է թույլ չտալ նոր իրողության պարտադրումը, որը անշրջելի կդարձնի կապիտուլյացիան»,-ասաց Օհանյանը։