կարևոր
1258 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-25 12:06

ՍԴ-ում քննվում է Առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականության հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմեր դատավարությանը ներգրավված են նշված օրենքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովը և նշված հրամանն ընդունած մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարը։

«Սահմանադրական դատարանում վիճարկել էինք առողջապահության նախարարի խայտառակ հրամանը: Հրամանը փաստացի հարկադրում էր բոլոր աշխատողներին, կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել: Պատվաստմանը բնավ դեմ չլինելով, արձանագրել էինք, որ այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը»,- երեկ գրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նիստին ներկա է ՍԴ-ի 9 դատավոր: Դիմողի՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ներկայացուցիչն Արամ Վարդևանյանն է, պատասխանողի՝ ԱԺ,  ներկայացուցիչն է Մերի Մոսինյանը: Նիստին ներկա է նաև  երկրորդ պատասխանող կողմը՝ ՀՀ առողջապահության նախարարության  իրավաբանական վարչության պետ՝ Աննա Մկրտումյանը, իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետ Գոհար Ղուկասյանը, Գայանե Սահակյանը: 

Գործով զեկուցողը ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն է:

«Դիմողն առերևույթ սահմանադրականության խնդիր է տեսնում նախարարի հրամանով նախատեսված կոնկրետ անձանց շրջանակի վրա  որոշակի պարտականությունների դնելու հարցի  և  երկշաբաթյա պարբերականությամբ ՊՇՌ թեստավորում անցնելու հետ կապված, ինչը սահմանված է որպես պարտականություն, իսկ որպես այլընտրանք նախատեսվում է պատվաստման սերտեֆիկատ ներկայացման պարտականությունը:

Բացի այդ, նախարարի ակտով անձանց որոշակի շրջանակի վրա, կոնկրետ դեպքում աշխատողների, դրվել  է պարտականություն՝  թեստավորման ծախսերը կատարել իրենց հաշվին:

Դիմողը որոշակի շեշտադրումներ է կատարել նաև գործատուների վրա որոշակի պարտականություններ դնելու հարցի առնչությամբ: Դիմողը սահմանադրականության տեսանկյունից հիշյալ իրավակարգավորումները համարում է  խնդրահարույց»,- ասել է Է.Շաթիրյանը: